Գյումրու իշխող ուժը հրաժարական է տվել, որովհե...

Իրավական  գործընթացը չպետք է խառնել քաղաքական գործընթացի հետ, ձերբակալության, տնային կալանքի եւ մյուս հարցերն իրավապահների տիրույթում է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ անդրադառնալով նրան, որ Գյումրիի քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ ավագանու «Բալասանյան դաշինքի» անդամները դրել են մանդատները: Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ իրավապահները ակտիվորեն սկսեցին զբաղվել Սամվել Բալասանյանի ընտանիքի դեմ քրեական գործրով:

«Նրանք քաղաքականությունից ուզեցել են դուրս գալ, դրա համար էլ դրել են մանդատները: Այդտեղ ոչ մի խնդիր չկա: իսկապես, Գյումրին այս պահին նչունի քաղաքապետ, բայց այնպես չէ, որ քաղաքն անկառավարելի է:

Բոլորը հրաժարական չեն տվել, աշխատակազմի ղեկավարը տեղում է, աշխատանքները հնարավորինս իրականացվում են: Այս պահին որեւէ արտառոց խնդիր չկա»,-ասաց մարզպետը:

Դիտարկմանը, որ քաղաքականությունից դուրս գալու նրանց «ցանկությունը», տարօրինակ կերպով համընկավ նրա հետ, երբ ձերբակալվեց Սամվել Բալասանյանի որդին, Մուշեղ Մուրադյանն ասաց. «Ես որպես մարզպետ վստահաբար ասում եմ, որ իրավական պրոցես է, ձերբակալությունները չպետք է խառնել քաղաքականի հետ»:

Նա ընդգծեց, որ հիմա ավագանին պետք է նիստ հրավիրի, որի ժամանակ պետք է համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվի կամ չառաջադրվի, կամ նիստ լինի, կամ չլինի, որից հետո էլ պարզ կլինի, թե ինչ զարգացումներ կլինեն: