Գյումրիում մեկնարկել է թափառող շների ստերջացմ...

Գյումրիում մեկնարկել է թափառող շների ստերջացման համալիր ծրագիրը: Այս մասին տեղեկացրել  է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը՝ նշելով, որ ծրագիրը հնարավոր է դարձել Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի աջակցությամբ,  որի հետ պայմանավորվածություն ձեռք էր բերվել դեռևս փետրվարի սկզբին: Երևանից Գյումրի ժամանած մասնագիտական խումբը, նախնական պայմանավորվածության համաձայն, տեղում կաշխատի 2-3 շաբաթ:

Իրականացվելու է կենդանիների գլխաքանակի կանոնակարգում: Շները տեղափոխվելու են կլինիկա, հետազոտվելու են: Առողջ կենդանիները ստերջացվելու և պատվաստվելու են կատաղություն հիվանդության դեմ: Հիվանդ կենդանիները, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, քնեցվելու են:

«Այսօր արդեն Գյումրին ունի հարմարեցված կլինիկա, որտեղ իրականացվելու են կենդանիների հետազոտություններն ու վիրահատությունները: Տարածքն ունի նախավիրահատական բլոկ, վիրահատարան և կենդանիների պահման առանձնացված հատվածներ»,-նշեց Սարիկ Մինասյանը՝ հավելելով, որ մեկնարկած ծրագրին զուգահեռ աշխատանքներ են տարվում Գյումրիում շների ապաստարան ունենալու ուղղությամբ:

Ծրագրի շրջանակներում ստերջացված և կատաղություն հիվանդության դեմ պատվաստված կենդանիներն իրենց ականջներին կրելու են կազմակերպության դրոշմով վարդագույն կլոր տարբերանշան: Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը Հայաստանում միակ պետական կառույցն է, որը զբաղվում է թափառող կենդանիների խնդիրներով և գլխաքանակի կանոնակարգմամբ։