Գյումրիի, Վանաձորի և Սիսիանի մաքսային սպասարկ...

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսային բարեփոխումների շրջանակում, 2025 թվականի հունվարից մաքսային մարմնում մեկնարկել է ծանուցման էլեկտրոնային համակարգի ամբողջական ներդրման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հունվարի 31-ից ծանուցման էլեկտրոնային համակարգը կգործարկվի նաև  Գյումրի, Վանաձոր և Սիսիան քաղաքներում գտնվող մաքսային սպասարկման սրահներում։ Այսինքն՝ ապրանքների հայտարարագիր ներկայացնելուց հետո Գյումրիի, Վանաձորի և Սիսիանի մաքսային սպասարկման սրահներ (մաքսային մարմնի ծածկագրեր` 05100020, 05100030, 05100040)  ֆիզիկապես այցելելու անհրաժեշտություն այլևս չկա, քանի որ այդ սրահներում ևս ապրանքների հայտարարագրերի սպասարկումը կիրականացվի հեռավար եղանակով՝ «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի միջոցով: Ապրանքների հայտարարագիրը ներկայացվելուն պես մաքսային ծառայողն ինքնաշխատ համակարգի միջոցով անմիջապես կստանա էլեկտրոնային ծանուցում` հայտարարագրի ներկայացված լինելու վերաբերյալ և կիրականացնի անհրաժեշտ մաքսային գործառնությունները։ Այնուհետև ապրանքների բացթողնման վերաբերյալ հայտարարատուն կամ վերջինիս ներկայացուցիչն էլեկտրոնային եղանակով կստանան ծանուցում: Միաժամանակ, ապրանքների հայտարարագրի գծով իրականացվող մաքսային գործառնությունների ժամանակ լրացուցիչ փաստաթղթերի կամ տեղեկությունների ճշտման անհրաժեշտության դեպքում, մաքսային ծառայողները հայտարարատուների հետ նույնպես շփվելու են տվյալ էլեկտրոնային համակարգի միջոցով:

Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականի հունվարի 3-ից, «Զվարթնոց» օդանավակայանով (այդ թվում` «Կարգո» բեռնային համալիրով), ինչպես նաև փոստային կամ սուրհանդակային ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով  ժամանող և մեկնող բեռների գծով ներկայացված ապրանքների հայտարարագրերի (մաքսային մարմնի ծածկագիր` 05100011), իսկ հունվարի 18-ից` Երևանի սպասարկման սրահ (մաքսային մարմնի ծածկագիր` 05100010) ներկայացվող ապրանքների հայտարարագրերի սպասարկումն իրականացվում է «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի միջոցով:

Ապրանքների հայտարարագրի գրանցումից հետո բացթողնման գործընթացն ավելի արագ կազմակերպելու նպատակով, Կոմիտեն հորդորում է հայտարարատուներին նախքան ապրանքների հայտարարագրի գրանցումը, վճարել և «90009» դասակարգչի ներքո կցել տվյալ հայտարարագրի շրջանակում առաջացած պարտավորությունների (հարկերի, տուրքերի և այլ վճարների) վճարումը հիմնավորող փաստաթղթերը: