Ռուսաստանի զինված ուժերի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան կրկնապատկել է մարտունակությունը։ Այս մասին բազայի հրամանատարը զեկուցել է իր վերադաս, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, երբ վերջինս այսօր այցելել է բազա։
Հրամանատար Նիկոլայ Մարտինյուկը զեկուցել է, որ մարտունակության շեշտակի աճը գրանցվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի՝ ավելի նոր տարբերակներով փոխարինումից հետո։
Ռազմաբազան, հիշեցնենք, Հայաստանում ծառայություն է իրականացնում միջպետական պայմանագրով՝ մինչև 2044 թվականը պայմանավորվածությամբ։ Այն մտնում է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մեջ՝ հայկական բանակի զորամիավորումներից մեկի հետ։
Բազան զինված է «Սմերչ» հրթիռային համակարգերով, տանկերով, այլ զրահատեխնիկայով, հակաօդային պաշտպանության սպառազինությամբ։ Դրա կազմի մեջ է մտնում է նաև Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիացիոն խումբը՝ կործանիչ ինքնաթիռներով ու հարվածային ուղղաթիռներով։



