Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:
2024 թվականի հուլիսի 27-ին հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում Աղստև գետը ողողել էր աջ լանջի մոտ 150մ հողազանգվածը և Մ-4 միջպետական ավտոճանապարհի հարակից ափապաշտպան մոտ 30մ երկարությամբ և 1մ լայնությամբ հողազանգվածը, ՀՀ ներքին գործերի նախարարության համապատասխան մասնագետների կողմից իրականացվել էին ուսումնասիրություններ, ինչի արդյունքում պարզվել էր, որ իրավիճակի շարունակական զարգացումը կհանգեցնի սողանքային մարմնի ակտիվացմանը, ինչի հետևանքով կփակվի գետի հունը, հոսքաջրերը կլցվեն հարակից շինությունների և դպրոցի տարածքները՝ վնասելով Մ-4 ավտոճանապարհը։ Ջրային ոլորտում քաղաքականություն իրականացնող իրավասու պետական մարմինների հետ քննարկվել է հեղեղներից հետո ջրային ռեսուրսների, մասնավորապես՝ գետերի մաքրմանն առնչվող խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները։
Որոշման ընդունմամբ կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության, դրա վերանայման, կասեցման հետ կապված կարգավորումները, ինչն էլ կնպաստի ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացի պատշաճ իրականացմանը և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։
Կառավարությունը հավանություն է տվել նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում կստեղծվի հնարավորություն մեկ վարույթում միավորելու ՀՀ հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված գործերը, ինչը կնպաստի գործերի ողջամիտ ժամկետում քննությանը և արդյունավետ լուծմանը: