
Գործադիրը հաստատել է Ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի
ծրագիրը, որի նպատակն է մեղմել ոռոգման համակարգի ընկերությունների ֆինանսական ճեղքվածքը: Ներկայումս
ոռոգման համակարգի ընկերությունների ֆինանսական կենսունակության ապահովմանը սպառնացող հիմնական
խնդիրներից մեկը շարունակում է մնալ ոռոգման ջրամատակարարման մեջ մեխանիկական ջրի արտադրությամբ
պայմանավորված էլեկտրաէներգիայի ծախսի բարձր մակարդակը: 2020 թ.-ին ՋՕԸ-երին պետբյուջեից հատկացվել է
շուրջ 7451.8 մլն. դրամ գումար, որից 4505.3 մլն դրամ գումարը հատկացվել է միայն էլեկտրաէներգիայի
պարտքերի մարմանը: Նախորդ տարիների պրակտիկան ցույց է տվել, որ էլեկտրաէներգիայի ծախսերի մասով ունեցած
պարտավորությունները ՋՕԸ-երի մոտ առաջացրել են լրացուցիչ ֆինանսական բեռ՝ առևտրային բանկերից վարկերի
ներգրավում, էլեկտրաէներգիայի չմարված պարտքերի մասով տույժերի կիրառումը:
Կառավարությունն ընդունել է «2021 թ. գարնանը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք
հաղորդելու ինչպես նաև ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու մասին» որոշում: Հանրապետության
որոշ տարածաշրջաններում դեռևս չի սկսվել գյուղատնտեսական մշակաբույսերի ինտենսիվ ոռոգումը, սակայն
վեգետացիայից առաջ անհրաժեշտ է ջրօգտագործողների հողատարածքներին խոնավալիցք հաղորդել և իրականացնել
աղակալված հողերի լվացում: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն` գետերի
ջրհավաք ավազաններում առկա է ձնաշերտի բավարար հաստություն, ինչպես նաև գարնանային ինտենսիվ տեղումների
և վարարումների հավանականություն: Ըստ այդմ՝ հնարավորություն կընձեռնի ջրօգտագործողների 85 հազ. հա
հողատարածություններին, որից շուրջ 45 հազ. հա ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում, ոռոգման ջուրը
մատակարարել անհատույց: