Գործադիրը 3,25 մլն դոլար կտրամադրի ամերիկյան...

Կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 21-ի նիստում հավանություն տվեց ամերիկյան փաստաբանական «Arnold & Porter» ընկերությանը 3 մլն 250 հազար դոլար տրամադրելու որոշմանը։ Ընկերությունը պետք է պաշտպանի Հայաստանի Հանրապետության շահերը Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում։

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելուց հետո Սամվել Կարապետյանի ընտանիքը դիմել էր Ստոկհոլմի արբիտրաժային դատարան։

Համաձայն Կառավարության այսօր ընդունած որոշման հիմնավորման՝ որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) վարույթում գտնվող Liormand Holdings Limited et al. v. The Republic of Armenia թիվ SCC Arbitration V 2025/129 արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության ու պատշաճ պաշտպանության ապահովմամբ։

Կառավարությունն ամերիկյան փաստաբանական ընկերությանն այս տարվա բյուջեից կփոխանցի 1 մլն 93 հազար դոլար։ Գումարը կփոխանցվի Կառավարության պահուստային ֆոնդից։

Ամերիկյան ընկերությունից ծառայության ձեռքբերումը տեղի է ունենալու մեկ անձից գնման ընթացակարգով։ «Գնումների մասին օրենքի» 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում ասվում է, որ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե իրականացվում է ՀՀ տարածքից դուրս։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ գնառաջարկների ուսումնասիրման փուլում հաշվի են առնվել հետևյալ չափորոշիչները՝ ընկերության փորձառությունը միջազգային ներդրումային արբիտրաժային գործերով՝ հատկապես էներգետիկ ոլորտում, առաջարկվող իրաբանական ծառայությունների արժեքի մրցունակությունը և հնարավոր շահերի բախման հանգամանքը։

«Նշված հանգամանքների ներքո գնառաջարկների ուսումնասիրման արդյունքում իր ծառայությունների համար սահմանված արժեքի և հարուստ փորձառության բացառիկությամբ աչքի է ընկել  Ամերիկայի Միացյալ նահանգներում գործող Arnold & Porter ընկերությունը, որը հատկապես ներդրումային արբիտրաժային վարույթների շրջանակներում պետությունների շահերի պաշտպանության գործերով հաջողել է վերջին 60 որոշումներից 53-ում (հաջողություն շուրջ 93% դեպքերում)»,- նշված է հիմնավորման մեջ:

Նշենք, որ 3 մլն 250 հազար դոլարը չի ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը, փորձագիտական ծախսերը, արբիտրաժային վարույթի ծախսերը, թարգմանչական ու տպագրական ծախսերը և այլ վճարներ (ճանապարհածախս և կացարան) և այլն։