Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դրվագով քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը) հոդվածի հատկանիշներով: Տվյալ հանցանքը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Խորհրդարանում օգոստոսի 25-ին տեղի ունեցած մնացած դեպքերի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Հիշեցնենք, կառավարության ծրագրի քննարկումը խորհրդարանում բուռն էր անցել, ուղեկցվել ծեծկռտուքով, սեռական բնույթի հայհոյանքներով, ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչների փոխադարձ վիրավորանքներով, քաշքշուկով, միմյանց վրա շիշ նետելով:



