Հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումների,ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու, գերեվարման պայմանների, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանության ու Ադրբեջանի պետական պատասխանատվության հարցերի շուրջ այսօր քննարկում է կազմակերպվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանի, Արտակ Զեյնալյանի մասնակցությամբ: Նրանք ներկայացրել են արտահերթ զեկույց, որում նշված խնդիրներից բացի, անդրադարձել են պատերազմական հանցագործություններին, այդ հանցագործությունների համար Ադրբեջանի միջազգային պատասխանատվության մեխանիզմներին:
Նրա հավաստիացմամբ՝ ռազմագերիները համարվում են գերեվարող պետության պատասխանատվության ներքո գտնվողներ, անկախ այն հանգամանքից, թե նրանց գերեվարող ֆիզիկական անձինք հետագայում ինչ պատասխանատվության կենթարկվեն թույլ տրված խախտումների համար:
Սիրանույշ Սահակյանն ասել է, որ օկուպացնող պետությունը պարտավոր է պաշտպանության տակ առնել վիրավորներին ու առողջական խնդիր ունեցողներին, պարտավոր է արագ հայտնաբերել մարտի դաշտում գտնվող հիվանդներին, վիրավորներին ու բժշկական օգնություն ցուցաբերի: Նույն կերպ դիերի արագ հայտնաբերման պարտականություն ունի: Որոնողական գործողությունների արդյունավետության համար առաջին պատասխանատուն այն երկիրն է, որի հսկողության տակ մնացել են մարմինները:
Միջազգային կոնվենցիայով արգելվում է բռնի անհետացումը, այսինքն՝ երբ անձը հայտնվել է պետության պաշտոնատար անձանց կամ նրանց անունից գործող անձանց հսկողության ներքո և պետության անգործության հետևանքով ազատությունից զրկված անձանց ճակատագրի առնչությամբ կա անհայտություն, նրանց ճակատագրի մասին տեղեկատվությունը միտումնավոր թաքցվում է, որի պայմաններում անձինք հայտնվում են իրավական պաշտպանությունից դուրս:



