Գերեզմանատանն ապօրինի հուղարկավորություններ կ...

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի քաղաքապետարանի Բնակչության հատուկ սպասարկում ՀՈԱԿ-ի ենթակայությամբ գործող գերեզմանատան ինչպես պաշտոնատար, այնպես էլ այլ աշխատակիցների կողմից 2018-2021 թվականների ընթացքում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար տարբեր չափերի գումար պահանջելու և ստանալու, պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ ներառելու միջոցով՝ բովանդակությամբ կեղծ փաստաթուղթ կազմելու և օգտագործելու, ապօրինի վարձատրություն ստանալու, ինքնիրավչություն կատարելու, գերեզման անարգելու և այլ դեպքերի մի շարք հանգամանքներ:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերոնշյալ ՀՈԱԿ-ի ենթակայությամբ գործող գերեզմանատան աշխատակիցը, 2018-2021թթ. ընթացքում «մասնակի փակ» իրավական կարգավիճակ ունեցող գերեզմանատանը, վճարովի հողատարածքներ տրամադրելու արգելքի պայմաններում, գերեզմանատեղի տրամադրելու համար պաշտոնեական փաստաթղթերում՝ գերեզմանի քարտերում, ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելու միջոցով, կազմել և օգտագործել է ակնհայտ կեղծ պաշտոնեական փաստաթղթեր ու տարբեր քաղաքացիների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար պահանջել կամ ստացել է տարբեր չափերի գումարներ: Արդյունքում «մասնակի փակ» իրավական կարգավիճակ ունեցող գերեզմանատանը կատարվել են ապօրինի հուղարկավորություններ, այն հիմնավորմամբ, թե իբր նշված գերեզմանատեղը պատկանել է հանգուցյալի ազգականին:

Բացի այդ, գերեզմանատունը՝ Երևանի քաղաքապետի որոշմամբ «մասնակի փակ» դառնալուց հետո այնտեղ շարունակվել են հատկացվել նոր գերեզմանատեղիներ, որոնք կազմակերպելու համար Բնակչության հատուկ սպասարկում ՀՈԱԿ-ի հուղարկավորությունների գրանցամատյաններում և գերեզմանների քարտերում կեղծվել են նախկինում հուղարկավորված անձանց տվյալները, դրանցում լրացվել են ակնհայտ կեղծ հասցեներ և հանգուցյալների կենսաչափական տվյալներ՝ այդ կերպ կեղծ հիմքեր ստեղծելով հուղարկավորության գրանցման և գերեզմանի վկայականի հատկացման համար՝ թաքցնելով նաև նոր գերեզմանատեղիների հատկացման փաստը:

Իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել է նաև, որ մի շարք դեպքերում ՀՈԱԿ-ի աշխատակիցների ուղղորդմամբ, վերջիններիս ապօրինի վարձատրության դիմաց, հուղարկավորություններ են իրականացվել գերեզմանատան սահմաններից դուրս՝ մասնավոր անձանց սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում, սեփականատիրոջը զրկելով հողատարածքը սեփական հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքից:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ապօրինի վարձատրության դիմաց, նոր գերեզնմանատեղիներ հատկացնելու նպատակով, անարգվել են նախկինում հուղարկավորված անձանց գերեզմանատեղիները, որից հետո գերեզմանատան աշխատակիցը անարգանքի ենթարկված գերեզմանատեղին մաքրելու, գերեզմանափոս փորելու, գերեզմանի վկայական հատկացնելու և կառուցապատման աշխատանքներ կատարելու պատրվակով խաբեությամբ պահանջել, որոշ դեպքերում նաև ստացել է տարբեր չափերի գումարներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ), 457-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ)/, 2003 թվականիn ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ )և 322-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Իրականացվում է համակողմանի քննություն՝ հանցավոր սխեմայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին