Գազայի հատվածի վերակառուցումը 70 միլիարդ դոլա...

Գազայի հատվածի վերակառուցումը 70 միլիարդ դոլարի ծախսեր կպահանջի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)՝ պաղեստինցի ժողովրդին օգնության ծրագրի ադմինիստրատորի հատուկ ներկայացուցիչ Յակո Սիլիերսը։

«Ըստ ՄԱԿ-ի, Եվրոպական միության և Համաշխարհային բանկի կողմից համատեղ անցկացված վնասների և կարիքների օպերատիվ գնահատման, Գազայի վերականգնման համար մոտ 70 միլիարդ դոլար կպահանջվի»,- ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Միևնույն ժամանակ, Սիլիերսը հրաժարվել է գնահատել այն ժամկետները, որոնց ընթացքում պաղեստինյան անկլավի վերականգնման աշխատանքները կարող են ավարտվել։

Նրա խոսքով՝ վերոնշյալ կազմակերպությունների խնդիրն է, բացի ավերածությունների մասշտաբները որոշելուց, «սահմանել առաջնահերթություններ այն մասին, թե որ տարածքները պետք է նախ վերականգնվեն և որտեղ կենտրոնացնել ջանքերը»։

«Հավանական է, որ ոչ բոլոր տարածքները կվերականգնվեն», - հավելել է նա։

Հոկտեմբերի 6-ին Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունները վերսկսել են անուղղակի բանակցությունները Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման շուրջ՝ Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ։ Հոկտեմբերի 9-ին հակամարտող կողմերը ստորագրել են խաղաղության ծրագրի առաջին փուլի իրականացման մասին համաձայնագիրը, որը նախկինում ներկայացրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Գազայում կրակի դադարեցման մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին։