Գաղտնի նվերներ քաղաքապետարանը որևէ մեկից չի ը...

Գաղտնի նվերներ քաղաքապետարանը որևէ մեկից չի ընդունել, գործարար Սամվել Ալեքսանյանից՝ առավել ևս։ Այդ տեղեկատվությունը հերքում եմ, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նրա խոսքով, եթե անգամ որևէ գործարար ցանկանում է նվիրատվություն անել մայրաքաղաքին, դրա դիմաց նրան որևէ արտոնություն չի տրվում։

«Ոչ բոլոր դեպքերում է, որ ավագանու որոշման իմպերատիվ պահանջ կա։ Սամվել Ալեքսանյանը քաղաքին որևէ նվեր չի արել։ Նրա հետ կապակցված ընկերությունները ևս չեն նվիրել, բայց եթե որոշի նվիրել, քաղաքապետարանը չի հրաժարվի», - ասաց նա։

Կրկին հնչող հարցին՝ այդ դեպքում ո՞վ է նվիրել երկու տասնյակ կամազ, Հակոբ Կարապետյանը չպարզաբանեց՝ միայն նշելով, որ անունները հայտնի կդառնա մոտ օրերս, երբ քաղաքապետը շնորհակալագրեր կտրամադրի նշված կազմակերպություններին կամ անհատներին։ Նա միաժամանակ հստակեցրեց, որ խոսքը ոչ միայն կամազների մասին է։

«Գործընթացը չի ամփոփվել։ Բառացիորեն երեկ պայմանագիր է կնքվել մի քանի տեխնիկա ձեռք բերելու վերաբերյալ, որոնք պետք է հավաքեն թղթային թափոնները։ Դա էլ է նվիրատվություն։ Տարին ամփոփելիս տվյալները պետք է ի մի բերվեն», - նշեց Հակոբ Կարապետյանը։