Գավառի բժշկական կենտրոնում վերջին երկու ամիսների ընթացքում տարվել են առանձին բաժանմունքների նորոգման, տեխնիկական վերազինման ու կադրային հագեցվածության հետ կապված աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, դրանք առնչվում են առաջին բուժօգնության կազմակերպման համար առավել հարմարավետ պայմանների ստեղծմանը, ֆիզիոթերապիայի, հեմոդիալիզի բաժանմունքներում պայմանների եւ հնարավորությունների, հիվանդանոցում գործող դեղատանն առկա դեղորայքի պահպանման պայմանների բարելավմանը, շտապօգնության եւ այլ ծառայությունների տեղակայմանը:
Աշխատանքներին ծանոթանալու նպատակով Գավառի բժշկական կենտրոն է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Անդրադառնալով բժշկական կենտրոնում գրանցված հաջողություններին եւ ձեռքբերումներին՝ տնօրեն Գարիկ Սողոմանյանը տեղեկացրել է, որ կենտրոնը արդեն համալրվել է 30 բժիշկ-մասնագետներով, իսկ հովանավոր կազմակերպությունների եւ առանձին բարերարների շնորհիվ հիվանդանոց են այցելում եւ իրենց առաջավոր փորձով տարբեր բժշկական միջամտություններ են իրականացնում նաեւ փորձառու եւ բարձրակարգ մասնագետներ: Հովանավորների աջակցությամբ հիվանդանոցն աստիճանաբար ձեռք է բերում նոր եւ ժամանակակից բժշկական գործիքներ ու սարքավորումներ:
Մանրամասն, տես՝ «Արմենպրես»-ում



