
Գավառ համայնքում տեղի է ունեցել ավագանու արտահերթ նիստ, որը վարել է համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։
Ինչպես տեղեկացրին Գավառի համայքնապետարանի աշխատակազմից, օրակարգի հարցերի հաստատումից հետո «Մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ քվեարկության արդյունքում ընտրված առաջարկներին հավանություն տալու մասին» հարցը զեկուցել է համայնքապետարանի գլխավոր մասնագետ, ծրագրերի պատասխանատու Հակոբ Սարգսյանը, «Մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում 2024 թվականին ձեռք բերված ապրանքները հաղթող ծրագրերի պատասխանատուներին հանձնելու մասին» հարցը՝ համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Բաբինյանը։
Աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Դավիթ Մազմանյանը ներկայացրել է «Համայնքային սեփականություն հանդիսացող ավտոտնակներն ուղղակի վաճառքի միջոցով և աճուրդային կարգով օտարելու մասին» հարցը։
Աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Արծրուն Ղուրշուդյանը զեկուցել է «Գավառ համայնքում «Բայազետ սանէներջի» և «Սոլարսիներջի» ՍՊԸ-ների կողմից արևային ֆոտովոլտային կայանների կառուցման աշխատանքների մասին» հարցերը։
Օրակարգում ներառված բոլոր հարցերն ավագանու կողմից հաստատվել են քվեարկությամբ։