«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը կոչ է անում միջազ...

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Ադրբեջանի կողմից ապրիլին սահմանային լարվածության հրահրման փորձերին՝ կոչ անելով միջազգային հանրությանը արժանի գնահատական տալ ադրբեջանական սադրանքներին՝ դրանք դիտարկելով որպես հայության դեմ արդեն մի քանի տասնամյակ տարվող ռասիզմի և ճնշման քաղաքականության դրսևորումներ։

Հայտարարության մեջ նշված է. «Ապրիլին Ադրբեջանը սահմանային սադրանքներով փորձել է ապակայունացնել տարածաշրջային իրադրությունը, իսկ ադրբեջանական քարոզչամեքենան անփոփոխ գործելակերպով շարունակել է սադրանքների և ապակայունացման մեջ մեղադրել Հայաստանին՝ լեգիտիմացնելու համար իր ագրեսիվ վարքը։

Ադրբեջանական ռազմական սադրանքներն ուղղված են խաղաղ բնակավայրերի դեմ։ Տարբեր տրամաչափի զինատեսակներից արձակված կրակից վնասվել են բնակելի տներ, ավտոմեքենաներ, գերեզմանատարեր։ Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը նորույթ չէ ադրբեջանական վարքագծում։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմներում և սահմանային էսկալացիաներում Ադրբեջանը երբեք տարբերություն չի դրել քաղաքացիական և ոչ քաղաքացիական օբյեկտների միջև՝ խաթարելով խաղաղ բնակչության բնականոն կենսագործունեության իրավունքն ու հնարավորությունը։

Այսօր էլ ադրբեջանական ապակառուցողականության հետևանքով Հայաստանի արևելյան սահմանագոտու բնակչությունը զրկված է ապահով կենսագործունեության անօտարելի իրավունքից։ Անկանոն կրակի տակ կարող են հայտնվել դպրոցներ, մանկապարտեզներ, մշակութային հաստատություններ, եկեղեցիներ, վանքեր, որոնց թիրախավորման հարցում Ադրբեջանը, ցավոք, հարուստ փորձ ունի։

2023 թ․ սեպտեմբերի 19-20-ի Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ պատերազմի ժամանակ և դրան հաջորդած էթնիկ զտմամբ Ադրբեջանն արդեն իսկ ցուցադրել է անկաշկանդվածության իր ողջ հնարավորությունները՝ շուրջ 10 ամիս հումանիտար աղետի մեջ գտնվող ավելի քան 100 հազար հայությանը շուրջկալելով ռազմական օղակում՝ հարկադրելով լքել հազարամյակներով փայփայած սեփական հայրենիքը։

Հումանիզմը, որը թվում է, թե պետք է հաղթարշավ իրականացներ աշխարհում, իր վախճանը գտավ այնտեղ, որտեղ կայացվում էին Ադրեջանի ցեղասպանական որոշումները։ Եվ նման պետությունը դեռ միջազգային հանրությանը պահանջներ է ներկայացնում կամ ցուցում, թե ինչպիսի քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ։

Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանն ակնկալում, որ միջազգային հանրությունը կամ համապատասխան կառույցները պետք է ականջալուր գտնվեն իր կոչերին, եթե ինքը չի կատարել Արդարադատության միջազգային դատարանի կամ իրավակաշտպան այլ կառույցների որոշումներն ու բանաձևերը։ Տարածաշրջանային կայունությունն ու կառուցողականությունը սկսվում են միջազգային իրավունքի գերակայությամբ Ադրբեջանի բոլոր, այդ թվում՝ պատերազմական հանցանքների արժանի ու համաչափ պատժից, որը նախադեպային կլինի այն բոլոր վարչակարգերի համար, որոնք կընտրեն բռնապետության և ծավալապաշտության ճանապարհը։

Հետևաբար, մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը արժանի գնահատական տալ ադրբեջանական սադրանքներին՝ դրանք դիտարկելով որպես հայության դեմ արդեն մի քանի տասնամյակ տարվող ռասիզմի և ճնշման քաղաքականության դրսևորումներ»։