Եթե ուզում են ցույց տալ, որ Ստամբուլյան կոնվենցիան բռնության դեմ է ուղղված, բերեք մենք հայկական, ժողովրդական օրենք ընդունենք բռնության դեմ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Մենք տողատակերով չենք ուզում: Մենք ասում ենք, եթե այսօօր պայքարը բռնության դեմ է, խնդիր չկա, եկեք մերը ստեղծենք, ցանկացած բռնության դեմ եռակի, քառակի պատիժներ դնենք: Բայց տողատակերով մենք դա չենք ընդունում»,-ասաց Ծառուկյանը:
Ինչ վերաբերում է քրեական ենթամշակույթի վերացմանն ուղղված օրինագծին, որը քրեական պատասխանատվություն է սահմանում, այսպես կոչված, «օրենքով գողերի» քրեական հեղինակությունների նկատմամբ, Ծառուկյանն ասաց. «Պետք է շեշտադրումը անեն, թե որ հանցանքի համար, որն է հանցանք օրենքով սահմանված կարգով, որ պատժելի լինի: Թե չէ օդի մեջ գրելով, էդտեղ հիմնավորումներ չկան: Եկեք խստացնենք, երկու տարին դարձնենք 5 տարի, 10 տարի, բայց ինչ-որ մարդու իրավունքներ կան, կա հանցանք: Պետք է հանցանք, հանցակազմ լինի, որ մարդու իրավունքների խաթարում չլինի»:



