ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում հյուրանոցային ծառայությունների և հանրային սննդի մատուցման գործունեություն իրականացնող ընկերությունը թաքցնում է վճարման ենթակա հարկերի իրական ծավալները: Հարկեր չվճարելու նպատակով ՊԵԿ ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում, ընկերության կողմից, մտցվում են խեղաթյուրված տվյալներ՝ աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցների իրական չափերի, ինչպես նաև իրացման իրական շրջանառության վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ–ից։
Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ընկերությունը 2023-2026 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացվող հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցների և իրացման շրջանառության վերաբերյալ առերևույթ խեղաթյուրված տվյալներ մտցնելու՝ իրական չափերը չնշելու միջոցով չի հաշվարկել և չի վճարել ընդհանուր շուրջ 78,4 մլն ՀՀ դրամի հարկեր և վճարներ։
Մասնավորապես, ընկերության կողմից 2023-2026 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները նշվել է շուրջ 190,2 մլն ՀՀ դրամ, մինչդեռ ստացված տեղեկություններով՝ նույն ժամանակահատվածում այն կազմել է ավելի քան 340,4 մլն ՀՀ դրամ։
Բացի այդ պարզվել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից հանրային սննդի ծառայությունների մատուցման իրական շրջանառությունը կազմել է շուրջ 237,5 մլն ՀՀ դրամ, մինչդեռ ընկերության ֆիսկալային հասույթը նույն ժամանակահատվածում կազմել է մոտ 136,5 մլն դրամ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պետական եկամուտների կոմիտեն բոլոր հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ տնտեսական գործարքները սահմանված կարգով չփաստաթղթավորման դեպքերից, և այդ նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողական է լինելու տնտեսական գործունեության վերաբերյալ կազմվող հաշվարկային փաստաթղթերում արտացոլված տվյալների իրական հանգամանքները պարզելու հարցում։
Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Մանրամասները` տեսանյութում



