Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։
«Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա պրեֆեկտներն այլընտրանքային երթուղիներ կառաջարկեն։ Իսկ եթե դրանք արհմիությունների կողմից չեն կազմակերպված, մենք կարգելենք դրանք ամենուր»,- ասել է Մակրոնը կառավարության անդամների հետ առաջիկա ակցիաների շուրջ կայացած խորհրդակցությունից հետո։ Նախագահի ելույթը հեռարձակվել է Ելիսեյան պալատի X-ի էջում։
Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ «հիմա բողոքի ակցիաների ժամանակը չէ»։ «Բոլորս պետք է հանդարտվենք»,- նշել է նա։
Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած անկարգությունների համար նա մեղադրել է ծայրահեղ ձախ խմբավորումներին․ «Նրանց նպատակը հանրապետությունը կործանելն է»,- ընդգծել է Մակրոնը։
Հոկտեմբերի 17-ին Փարիզում և ողջ Ֆրանսիայում զանգվածային ցույցեր էին անցկացվում վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության անկման դեմ։ Կազմակերպիչների հաշվարկներով՝ ակցիաներին մասնակցել է շուրջ 800 հազար մարդ, մինչդեռ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 550 հազար, ինչը երկու անգամ գերազանցել էր ուժային կառույցների վերլուծաբանների կանխատեսումները։ Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճել էին անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը խոստացել է, որ իշխանությունները շարունակելու են պատասխանատվության ենթարկել ջարդերի և թալանի բոլոր մասնակիցներին։



