Ֆրանսիան աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և լիովին հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերին: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Երևանի դեսպանությունում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:
«Հանուն անվտանգության՝ Ֆրանսիան, ինչպես գիտեք, աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, որը կերաշխավորի տարածաշրջանի բոլոր բնակիչների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ ապրելու իրավունքը: Այս համատեքստում, Ֆրանսիան, ինչպես Միացյալ Նահանգները, լիովին հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերին: Ֆրանսիան, բնականաբար, սատարում է այս ուղղությամբ Եվրամիության կողմից գործադրվող ակտիվ ջանքերը», - հայտարարեց Ֆրանսիայի դեսպանը:
Դեսպան Լույոյի խոսքով՝ Հուլիսի 14-ը լոկ պատմական իրողություն չէ, այն ապագայի և կամքի խորհրդանիշն է, իսկ Հայաստանը բնական խաչմերուկ է, կամուրջ ազդեցության ոլորտների, մշակույթների, առևտրային շուկաների միջև, և Ֆրանսիան վճռական է օգնել Հայաստանին վերականգնելու այս ավանդույթը՝ օգնելով նրան կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ:



