«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում խոսքի ազատությունը, ինչպես պարզվում է, ունի շատ հստակ սահմաններ․ այն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են անհարմար հարցերը։ Հատկապես՝ այն հարցերը, որոնք վերաբերում են իշխանության ներկայացուցիչների առանձնատներին։
Այն բանից հետո, երբ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Սոնա Գրիգորյանն ու Քնար Մանուկյանը Ազգային ժողովից դուրս բերվեցին ՊՊԾ աշխատակիցների կողմից՝ բռնի ուժով, իրավիճակը ոչ միայն չհանդարտվեց, այլ ստացավ ինստիտուցիոնալ շարունակություն։ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար, «Ձուկ» մականունով մեդիայում հայտնի Դավիթ Առաքելյանը, շտապ շրջաբերական է ուղարկել պատգամավորներին և հանձնաժողովներին՝ «հիշեցնելով», թե ովքեր իրավունք ունեն մասնակցելու ԱԺ հանձնաժողովների նիստերին։
Հիշեցումը, իհարկե, պատահական չէր։ Այն շատ ավելի նման էր նախազգուշացման․ որպեսզի հետագայում «Ժողովուրդ»-ի լրագրողները նույնիսկ չփորձեն մտնել Ազգային ժողով։ Այսինքն՝ ֆիզիկական ուժից հետո գործի դրվեց վարչական արգելքը։



