Արագ փոփոխվող աշխարհում հիբրիդային հարձակումները դառնում են ամենաբարդ մարտահրավերներից մեկը: Այս մասին ԵԽ «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում խոսքի և մամուլի ազատությանը, ինչպես նաև տեղեկատվության հասանելիությանը» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Ծրագիրը իրականացվելու է ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ:
Ազգային ժողովի փոխնախագահը հիշեցրեց, որ այս տարի լրանում է Եվրոպայի խորհրդին (ԵԽ) Հայաստանի անդամակցության 25-ամյակը։ Այս տարիների ընթացքում ԵԽ-ն եղել է Հայաստանի հուսալի գործընկերը բարեփոխումների ու զարգացման ճանապարհին, և մեր երկիրը զգալի առաջընթաց է գրանցել իր ստանձնած պարտավորությունների կատարման հարցում։ Ըստ նրա՝ 2023-26 թվականների համագործակցության ծրագրի կարևոր մասն է տեղեկատվական ոլորտի զարգացումը, որը պետք է իրականացվի եվրոպական չափանիշներին համապատասխան ձևով։ Ռուբինյանը նշել է, որ 2018 թվականից ի վեր մեծ աշխատանք է կատարվել, ինչն արտացոլված է հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում։ Այդուհանդերձ, չնայած դրական գնահատականներին, դեռ անելիքներ կան թերությունները շտկելու և որակը բարձրացնելու համար։ Այս առումով նա կարևոր քայլ է համարել Տրոմսյոյի կոնվենցիայի վավերացումը։
Ռուբինյանը նշել է, որ արագ փոփոխվող աշխարհում մենք տեսնում ենք, թե ինչպես է փոխվում աշխարհի կառուցվածքը, ինչ քայլեր են արվում միջազգային իրավունքը քանդելու համար և ինչպես է ժողովրդավարությունը ենթարկվում հիբրիդային հարձակումների: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ հիբրիդային հարձակումներն ամենադժվար տեսանելի ու բարդ տեսակներից են։ Դրանցում տեղեկատվությունն օգտագործվում է որպես հոգեբանական ճնշման գործիք, որը կիրառվում է երկրի ներքին գործընթացների վրա ազդելու համար։ Ռուբինյանը շեշտել է, որ այս մարտահրավերներին դիմակայելու համար կարևոր են տեղեկատվական դաշտի վստահելիությունը, թափանցիկությունն ու մատչելիությունը։ Նա նաև մատնանշեց այն նուրբ սահմանը, որը բաժանում է իրական խոսքի ազատությունը տեղեկատվության քողի տակ թաքնված բացասական երևույթներից։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ խոսքի ազատությունը մարդու կարևորագույն իրավունքներից մեկն է, որը պետք է երաշխավորված լինի ցանկացած ժողովրդավարական հասարակությունում, սակայն այն ունի հստակ սահմաններ։ Ատելության խոսքը և ապատեղեկատվությունը վնաս են հասցնում ողջ հասարակությանը, մարդու իրավունքների ողջ համակարգին, իսկ նախընտրական շրջանում այդ խնդիրներն ավելի ակնհայտ են դառնում, հայտնել է Մանասյանը։ Ըստ նրա՝ խոսքի ազատությունը և լրագրողների անվտանգությունը քննարկման ենթակա չեն. պետությունը պետք է ջանքեր գործադրի դրանց ապահովման համար։ Սակայն պետք է պահպանվեն նաև խոսքի ազատության սահմանները, իսկ ապատեղեկատվության ու ատելության դրսևորումներն անթույլատրելի են։ Որպես վատ օրինակ նա նշել է Ստամբուլյան կոնվենցիայի հիշատակումը քաղաքական նպատակներով և աղավաղված տեսքով օգտագործելը։ Դրա հետ մեկտեղ՝ Պաշտպանը տեսնում է ազգային հողի վրա անհանդուրժողականության և ատելության նշաններ։ Նրա խոսքով՝ կան նույնիսկ քաղաքական գործիչներ, որոնք իրենց քարոզարշավը կառուցում են դրա վրա։ Թե կոնկրետ ինչ նկատի ունի Մանասյանը և ազգային հողի վրա ատելության ինչ նշաններ են ենթադրվում, անհասկանալի է մնացել։
Արդարադատության փոխնախարար Աննա Կարապետյանը նշել է, որ խոսքի ազատությունը կարևորագույն ձեռքբերումներից մեկն է և ժողովրդավարության հիմքը։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին առաջընթաց է արձանագրվել տեղեկատվության հասանելիության հարցերում և իրականացվել են օրենսդրական փոփոխություններ՝ վերոնշյալ կոնվենցիային համապատասխան ձևով։



