Եվրոպական երկրները դժկամությամբ են ՀՕՊ համակա...

Եվրոպական երկրների ղեկավարներն ավելի քիչ պատրաստակամությամբ են սկսել Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել՝ անօդաչու թռչող սարքերի և կործանիչների կողմից ԵՄ երկրների օդային տարածքի խախտումների պատճառով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Bloomberg-ին տված հարցազրույցում: 

Վոլոդիմիր Զելենսկու պնդմամբ՝ դա հոգեբանական ճնշում է, Ռուսաստանը նպատակ ուներ վախեցնել Եվրոպային և հասել է այդ նպատակին: 

Աշնան սկզբից ի վեր Եվրոպայի օդային տարածքում հայտնվում են անհայտ անօդաչու թռչող սարքեր։ Մոսկվան հերքում է այս միջադեպերին իր առնչությունը։ Անօդաչու թռչող սարքերի պատճառով եվրոպական օդանավակայանները հաճախ ժամանակավորապես դադարեցնում են աշխատանքը:

Զելենսկին նաև Եվրամիությանը կոչ է արել լուծել ռուսական սառեցված ակտիվների օգտագործման շուրջ տարաձայնությունները, քանի որ նոր միջոցները կենսական նշանակություն ունեն Ռուսաստանի դեմ պատերազմը շարունակելու համար: Նա նշել է, որ Ուկրաինան սկսել է ԱՄՆ-ի հետ համատեղ ԱԹՍ-ներ արտադրել, և որ Կիևին ֆինանսական օգնություն է անհրաժեշտ: 

Եվրամիությունը ռուսական սառեցված ակտիվների շուրջ որոշումը հետաձգել է մինչև դեկտեմբեր: Այդ ակտիվների շնորհիվ Ուկրաինային կտրամադրվեր 140 միլիարդ եվրո: 

Հարցազրույցում Զելենսկին նաև հայտարարել է, որ Կիևը պատրաստ է բանակցությունների՝ հրադադարի հասնելու համար: Նա համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ստիպել նստել բանակցությունների սեղանի շուրջ: