Եվրամիությունը պատրաստ է ներդրում կատարել «Խա...

Եվրամիությունը պատրաստ է իր գործիքները ներդնել ոչ միայն «Թրամփի ուղի» նախագծի, այլ նաև ամբողջ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում կապակցվածությունը խթանելու համար։ 

Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը՝ խոսելով Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ստորագրած փաստաթղթերի մասին։ 

«Իրադարձությունները և հանդիպումները, որոնք եղան Վաշինգտոնում օգոստոսի 8-ին, Եվրամիության կողմից ողջունվել են, և մենք այդ օրվանից ի վեր պատրաստակամություն ենք հայտնել աջակցել այդ նախաձեռնություններին և կապակցվածությանը։ Մենք պատրաստ ենք մեր գործիքները ներդնել ոչ միայն «Թրամփի ուղի» նախագծի շրջանակներում, այլ նաև ամբողջ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում, որը ողջունվել է Եվրամիության կողմից դեռ երկու տարի առաջ, երբ Հայաստանի կառավարությունը հայտարարեց դրա մասին»,-ասել է Մարագոսը։ 

Դեսպանը հավելել է, որ Եվրամիությունը հետևողականորեն աջակցում է խաղաղությանը Հարավային Կովկասում։

«Մենք շատ երջանիկ ենք, որ խաղաղությունը գալիս է։ Շատ մանրամասներ դեռ պետք է պարզաբանվեն, բայց մենք այստեղ ենք՝ որպես Հայաստանի, հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության հուսալի գործընկեր, որպեսզի սատարենք ձեզ այս գործընթացում»,- նշել  է Մարագոսը։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր էին ստորագրել, որի կետերից մեկով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (կամ TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ TRIPP-ը Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության բաղադրիչներից մեկն է։