
Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ներկայացուցիչ Կայա Կալլասը` Reuters-ի փոխանցմամբ։ Նրա խոսքով՝ սահմանափակումները կվերաբերեն ռուսական բանկերին, կրիպտոարժույթների փոխանակման բորսաներին և Հնդկաստանի ու Չինաստանի կազմակերպություններին։
ԵՄ-ն նաև կսահմանափակի ռուս դիվանագետների տեղաշարժը՝ անկայունացման փորձերին հակազդելու համար։
Reuters-ի հաղորդմամբ, պատժամիջոցները թիրախավորում են 45 կազմակերպություն, որոնք օգնել են Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից, այդ թվում՝ 12 ընկերություն Չինաստանում և Հոնկոնգում: Արգելվելու է օգտագործվող ռուսական նավերի և ինքնաթիռների վերաապահովագրությունը: Ավելին, կսահմանվի արգելք հինգ ռուսական բանկերի հետ գործարքների վրա, ինչպես նաև կընդլայնվի Բելառուսում և Ղազախստանում ռուսական էլեկտրոնային վճարային համակարգերի և երրորդ երկրների բանկերի հետ գործարքների արգելքը:
Գործակալության տվյալներով՝ փաթեթը ներառում է հեղուկացված բնական գազի ներմուծման արգելք 2027 թվականից և պատժամիջոցներ «ստվերային նավատորմի» ևս 117 նավերի նկատմամբ։ ԵՄ-ն նաև կխստացնի երկու խոշոր ռուսական նավթային ընկերությունների հետ գործարքների արգելքը, որոնց անունները չեն հրապարակվել։
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել «ԼՈՒԿՕՅԼ»-ի և «Ռոսնեֆտ»-ի նկատմամբ։
Ռուս դիվանագետների տեղաշարժի վերաբերյալ ճշգրիտ սահմանափակումները չեն նշվել: «Financial Times»-ը հաղորդել է, որ նրանք պարտավոր կլինեն օտարերկրյա կառավարություններին տեղեկացնել իրենց նախատեսված ուղևորությունների մասին՝ նախքան ընդունող երկրի սահմանները հատելը: Կրեմլը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խոստացել են ձեռնարկել պատասխան միջոցներ: