Եվրախորհրդարանը շատ հստակ դիրքորոշում է հայտն...

Եվրախորհրդարանը շատ հստակ դիրքորոշում է հայտնել Հարավային Կովկասի իրադարձությունների վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով «Լուրեր»-ի հարցին, թե արդյոք խորհրդարանը պատրաստվո՞ւմ է մեխանիզմներ կիրառել, որ Ադրբեջանի դեմ խորհրդարանի բանաձևերով առաջ քաշված պատժամիջոցների հարցը գործնականում կյանքի կոչվի:

«Պատահականություն չէ, որ այս խորհրդարանը շատ հստակ դիրքորոշում է հայտնել, բանաձևեր և զեկույցներ է ընդունել: Խորհրդարանի ճնշող մեծամասնությունը կոչ է արել հնարավորինս շուտ վերսկսել խաղաղության բանակցությունները: Ողջունում ենք այն շատ դրական նշանը, որը նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը համաձայնեցրին հաջորդ հանդիպումն անցկացնել Բրյուսելում՝ Շառլ Միշելի միջնորդությամբ, մինչև հոկտեմբերի վերջ»,- ասել է Մեցոլան, հավելել, որ հիմնական քննարկման առարկաներն են սահմանազատման, հաղորդակցության ուղիների հարցերը և մարդասիրական խնդիրները:

Եվրոպական խորհրդարանի նախագահի խոսքով՝ իրենց կառույցը կոչ է անում երկխոսության՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքների հիման վրա: «Դա է մեր նպատակը: Հաջորդ քայլերը կձեռնարկվեն այլ կառույցների հետ, բայց այս խորհրդարանը քաղաքական մարմին է, որը կոչ է արել, որ մենք առաջատար դեր ստանձնենք՝ ապահովելու նշված բոլոր սկզբունքները»,- եզրափակել է Մեցոլան: