Եվրահանձնաժողովը Կիևին գրեթե 6 միլիարդ եվրո կփոխանցի G7-ի 45 միլիարդ եվրո վարկից, որը պետք է մարվի ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից և Ուկրաինայի համար ԵՄ-ի հիմնադրամից: Այս մասին հայտնել է ԵՀ-ի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հանդես գալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջև։
«Այսօր մենք գրեթե 6 միլիարդ եվրո կհատկացնենք ERA-ի վարկից և Ուկրաինայի հատուկ հիմնադրամից», - ասել է նա։
ԵՄ-ն ավելի վաղ պարտավորվել էր մինչև տարեվերջ Ուկրաինային տրամադրել մոտավորապես 18 միլիարդ եվրո վարկ, որը պետք է մարվեր ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից՝ Մեծ յոթնյակի կողմից համաձայնեցված 45 միլիարդ եվրո վարկի շրջանակում։
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից հետո ԵՄ-ն և G7-ի երկրները սառեցրել են ՌԴ արժութային պահուստների գրեթե կեսը՝ մոտավորապես 300 միլիարդ եվրո։ Ավելի քան 200 միլիարդ եվրոն գտնվում է ԵՄ-ում, հիմնականում բելգիական Euroclear-ի հաշիվներում։
Ռուսաստանը ռուսական ակտիվների սառեցումը Եվրոպայում բազմիցս որակել է որպես գողություն՝ նշելով, որ ԵՄ-ն թիրախավորում է ոչ միայն մասնավոր անձանց միջոցները, այլև Ռուսաստանի պետական ակտիվները: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կպատասխանի Արևմուտքի կողմից ռուսական սառեցված ակտիվների բռնագրավմանը: Նրա խոսքով, Ռուսաստանը նաև հնարավորություն ունի չվերադարձնել այն միջոցները, որոնք արևմտյան երկրները պահել են Ռուսաստանում:



