«Եթե փող չունես, մարդ չես, կամ այնքան մարդ ես...

Քաղաքագետ Ազատ Ադամյանը գրել է․ 

«Եթե փող չունես, մարդ չես, կամ այնքան մարդ ես, ինչքան փող ունես»  և ինչու՞ Toyota-ն դարձավ Lexus:
Սա Pax Americana-ի կամ Ամերիկյան աշխարհի գաղափարախոսության ամենախտացված ֆրազն է, որը վերաբերում է բոլորին, բացի ամերիկյան խորքային պետության կառավարիչներից(նրանք այլ հավատամքի և դավանանքի կրողներ են և որևէ կերպ չեն խախտում իրենց տրված «պատվիրանները»):
«Opel քշող համբալներ» կամ «հերոսը հարկ վճարողն է» արտահայտությունները նոր չեն, մոռացված հինն են, որոնք Հայաստան նոր են հասնում՝ նույն կենտրոնի պահանջով, իրենց օրակարգը սպասարկողների բերանով:
1920-ականների վերջին՝ ամերիկյան տնտեսության պիկին, նախքան մեծ ճգնաժամն Ամերիկայում նախագահ էր Քալվին Քուլիջը(ինչպես իրենից առաջ եղած նախագահները մինչև Մակ-Քինլի (1897թ) և նրանից հետո մինչև մեր օրեր, նրանք բոլորը եղել են ԱՄՆ խորքային պետության խամաճիկները և ասում ու անում են այն, ինչ ասում են Ամերիկայի իսկական բոսերը կամ ծխով լցված սենյակի մարդիկ(20-րդ դարի առաջին կեսին խորքային պետության կառավարիչներին նման կերպ էին կոչում)):
Ուրեմն այս Քուլիջը 1927 թվականին, դիմելով ԱՄՆ քաղաքացիներին, մի ճառ է արտասանում, որտեղ այսպիսի տողեր կային. «ամեն օր կառուցվող նոր գործարաններն Աստծու տաճարներ են, իսկ այն բանվորները ,որոնք 7-8 ժամ աշխատում են այնտեղ, իրենք զբաղված են ճշմարիտ փառաբանությամբ»:
Սա հարկ վճարողի ամերիկյան տարբերակի մասին:
Այս խոսքերը ցնցեցին Արևմտյան քրիստոնեական քաղաքակրթության մաս հանդիսացող ամերիկացիներին, բայց այս ցնցումը խիստ անցնցում անցավ, և հասկացան տարիներ առաջ ասված այն միտքը, թե «Նոր Ամերիկայում» չի կարող իշխող մշակույթ լինել, իշխողը պետք է մուլտիկուլտուրալիզմը լինի:
Արդարացված խորը մտահոգություն առաջացավ «ազատության» գաղափարներով տարված ռոմանտիկների շրջանում, որոնք հավատում էին ԱՄՆ «In God We Trust» կարգախոսին, բայց արդեն ուշ էր, նրանք այլևս կապ չունեին «Նոր Ամերիկայի» հետ և ոչինչ չէին կարող փոխել, բացի համբերությամբ սպասելուց, թե երբ պետք փլվի «Նոր Ամերիկան»:
«Նոր Ամերիկան» կայացրեց Առաջին համաշխարհային պատերազմը. մինչ պատերազմը ԱՄՆ-ը մոտ 3 մլրդ դոլարի փոխառություններ ուներ՝ Եվրոպայից վերցրած, իսկ պատերազմից հետո Եվրոպան էր 14 մլրդ դոլար պարտք ԱՄՆ-ին:
«Նոր Ամերիկայում» 1929 թվականից սկսված ճգնաժամն ավելի էր խորանում և ամբողջությամբ կլանելու էր Ամերիկային, եթե «օգնության» չհասներ իրենց ծնած, սնած Հիտլերը՝ սանձազերծելով Երկրորդ համաշխարհային պատերազմը:
Ի միջի այլոց, «Նոր Ամերիկայի» ամենահայտնի ամսագրերից Times-ը, 1938-ին Հիտլերին ճանաչել էր տարվա մարդ:
Երկու տարի առաջ այս օրերին էլ Էրդողանին էին ուզում «Նոբելյան մրցանակի» առաջադրել: Պատճառը նույնն է. «Նոր Ամերիկային» փրկելու խնդիր կա, գնալով ավելի է մոտենում վախճանը, որից փորձում են խուսափել նոր հիտլերներ ծնելով և մեծ պատերազմներով:
Որպես վերջաբան՝ «Opel քշող համբալների» ամերիկյան տարբերակի մասին:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կապիտուլացված ապառազմականացված Ճապոնիային թույլ տրվեց սկսել ավտոարդյունաբերությունը: 1960-ականներից ամերիկյան ավտոշուկաներում հայտնվեցին ճապոնական մեքենաները(Toyota, Nissan, Honda), որոնք շատ մատչելի էին և շնորհիվ ճապոնական ավտոարտադրողի՝ ԱՄՆ ցածր խավին հասանելի դարձան երկաթե նժույգները:
Սա դուր չէր կարող գալ մշակութային և կրթական ցածր ցենզ ունեցող, բայց շատ ֆինանսական միջոցներ ունեցող ամերիկյան հասարակության «բարձր» շերտին:
Արդեն 1980-ականներին քիչ եկամուտ ունեցող, սոցիալապես վատ ապրող մարդկանց պիտակավորում էին «Toyota վարող» պիտակով, բրենդային շոր-կոշիկ վաճառողներն արհամարհական վերաբերմունք էին դրսևորում նշված մակնիշների մեքենաներ վարողներին:
Մակնիշներն այնքան էին հեղինակազրկվել, որ 80-ականների վերջին փոխեցին իրենց մակնիշների անունները. Toyota-ն դարձավ Lexus, Nissan-ը՝ Infiniti, Honda-ն՝ Acura: