Հանրապետական կուսակցությունը գտնում է, որ ամենաարդյունավետ ճանապարհն իշխանափոխության՝ համաժողովրդական ակտիվ օրինական անհնազանդությունն է: Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ ժողովուդրը դուրս կգա փողոց: «Քանի՞ անգամ է դուրս եկել. և՛ «Հայրենիքի փրկության» շարժման ժամանակ դուրս եկավ, և «Դիմադրություն» շարժման ժամանակ դուրս եկավ, և Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ դուրս եկավ: Էլի պիտի անենք, հայրենիքի համար պայքարը հովհարային անջատումերով չէ, եթե չի ստացվել, ցանկալի արդյունքի չենք հասել, չի նշանակում, որ պետք է ոչինչ չանել: Քաղաքական ուժերի գործն էլ դա է՝ քննարկել, ժողովրդի հետ հանդիպել, ծրագրեր մշակել: Ես հակված եմ, որ այս տարի ստացվելու է, և բոլորս մեկտեղ, ամեն ինչ պետք է անենք, որ այս տարի ստացվի»,- ասաց նա:
Շարմազանովն ընդգծեց, որ ՀՀԿ օրակարգում այսօր կա մեկ գլխավոր հարց՝ այս ազգակործան, կապիտուլյանտ պատուհաս իշխանության հեռացում:
«Խորհուրդ եմ տալիս բոլոր ընդդիմադիր ուժերի օրակարգում լինի այդ հարցը, եթե մենք սկսեցինք մտածել 26-ի ընտրությունների, դրանից հետո եկող ընտրությունների մասին, կարող է հետո Էրդողանի ու Ալիևի ընտրություններին մասնակցենք, դա լավ չէ: Դրա համար պետք է բոլորս համախմբվենք, անենք ամեն ինչ, որ այս գրեթե զրոյական վարկանիշ ունեցող հակահայկական ու հակապետական իշխանությունը հեռացվի, իսկ դրա համար պետք է զրո ամբիցիա և բոլոր ներքաղաքական տարաձայնությունների սառեցում»,- շեշտեց նա: