
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովում իր ելույթում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ շեշտելով փոխվստահության խնդիրը և դիվանագիտության դերը դրա հաղթահարման գործում։
Վարչապետը նշել է, որ Հայաստանի հանրային դիսկուրսում հաճախ հնչում է հարցադրումը՝ «ինչպե՞ս կարելի է վստահել Ադրբեջանին»։ Փաշինյանի խոսքով՝ հենց այդտեղ էլ թաքնված է հիմնական խնդիրը։
«Խնդիրը կաթիլ-կաթիլ ինչ-որ վստահություն կառուցելն է: Ես ավելին ասեմ՝ եթե փոխադարձաբար Հայաստանը և Ադրբեջանը իրար վստահեին, որևէ թուղթ ստորագրելու անհրաժեշտություն պարզապես չէր լինի։ Դիվանագիտությունը անվստահության միջավայրում վստահության ինչ-որ մի փոքր հենման կետ կամ տեսական հնարավորություն ստեղծելն է,- ասել է Փաշինյանը։