Եթե հանընդհանուր բոյկոտ լինի, քաղաքային իշխան...

«Այն  մարդիկ, ովքեր պատրաստ են վճարել 150 դրամ, պետք է հասկանան, որ ճնշում են գործադրում նրանց վրա, ովքեր այդ հնարավորությունը չունեն։ Մենք կոչ ենք անում միասնաբար բոյկոտել, եթե հանընդհանուր բոյկոտ լինի, քաղաքային իշխանությունը ստիպված կլինի վերանայել իր որոշումը»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

«Քաղաքացիների ճնշող մեծամասնությունը բոյկոտում է տրանսպորտի թանկացումը, երբ ավտոբուս ենք մտնում, շատերը հայտնում են, որ չեն վճարել»,–ասաց Անդրանիկ Թևանյանը՝ նշելով, որ քաղաքացիների պահանջը լեգիտիմ է. 17 հազար քաղաքացի մասնակցել է տրանսպորտի թանկացման դեմ կազմակերպված ստորագրահավաքին։

«Քանի դեռ այդ հարցը չի մտել Երևանի ավագանու օրակարգ, իսկ այն վաղ թե ուշ մտնելու է, որովհետև դա օրենքի պահանջ է, լեգիտիմ է բոյկոտելը, չվճարելը։ Եթե քաղաքային իշխանությունը չընդունի նախագիծը, որի տակ կա 17 հազար քաղաքացու ստորագրություն, մենք շարունակելու ենք պայքարը։ Հաջորդ փուլը Երևանում գրանցված և ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 10 տոկոսի ստորագրության հավաքումն է, ինչից հետո հարցը կդրվի հանրաքվեի»,–նշեց Անդրանիկ Թևանյանը։

Նա նշեց, որ վաղ առավոտից ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները տարբեր խմբերով շրջել են քաղաքում, ավտոբուսներ նստել, և քաղաքացիների հետ միասին բոյկոտել թանկացումը։