Եթե այդ էներգառեսուրսը ավելի էժան, որակով ու...

Կախվածություն լինում է այն ժամանակ, երբ դու որեւէ էներգառեսուրս գնում ես մեկ աղբյուրից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանի չէր բացառել Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը եւ հարցին, թե արդյոք դա Հայաստանը կախվածության մեջ չի դնի Ադրբեջանից:

«Ցանկացած այլընտրանքային աղբյուրից էներգառեսուրս գնելը ոչ թե կախվածությունը ավելացնում է, այլ պակասեցնում: Այսինքն, երբ մենք ժամանակին գազ գնում էինք միայն ՌԴ-ից, հետո սկսեցին գնել նաեւ Իրանից, երրորդ մակատարարից գազ գնելու հնարավորությունը բարձրացնում է քո էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակը: Հիմա Ադրբեջանից գազ կգնվի, թե չի գնվի, մի քիչ շատ  ավելի հետագայի եւ տեսական հարց է: Բայց եթե ունենք մի այնպիսի իրավիճակ, երբ կարողանանք առեւտրային հարաբերություններ սահմանել, ու եթե մեզ որեւէ ռեսուրս պետք է, մենք պետք է նայենք, թե ով է այդ ռեսուրսը ավելի էժան, որակով ու արագ մատակարարում:  Եթե այդ ռեսուրսը մատակարարում է Ադրբեջանը, կարելի է եւ քննարկել այդ հարցը, եթե դա բխում է ՀՀ շահերից: Իհարկե, պետք է պահել դիվերսիֆիկացիան եւ այլընտրանքային աղբյուրները»,-ասաց նա:

Անդրադառնալով Իրանից ավելի շատ գազ գնելու հորդորներին, Թունյանն ասաց. «Ես խորհուրդ եմ տալիս նման առաջարկ անող փորձագետներից որեւէ մեկին հրավիրեք, ինձ էլ հրավիրեք, ու ինքը մեզ ցույց տա այդ հնարավորությունները: Ես էլ ցույց կտամ սահմանափակումները:  Միգուցե մարդը ինչ-որ կախարդական  եղանակներ գիտի, որը մեր կառավարությանը հայտնի չէ: թե իրենց թվում է, որ միայն իրենց մտքով է անցնում, որ կարելի է Իրանից ավելի շատ գազ գնել, այդպես չի»: