Ազգային ժողովի մուտքի մոտ այս պահին բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցները պահանջում են հանդիպում այն պատգամավորների հետ, որոնք «սենյակներում մարդկանց են ծեծել»:
«Այստեղ սպասում ենք էդ դուխով տղերքին, որ կաբինետներում մարդ են ծեծում: Եթե անգամ օգնականները թարս աչքով են նայել, իրենք պատգամավոր են, ազգընտրյալներ են և պետք է կարողանան իրենց տիրապետել: Եթե չեն կարողանում իրենց տիրապետել, թող գնան ուրիշ տեղ. ԱԺ-ն չսարքեն խուլիգանական տեղ: Եթե մենք համբերում ենք այսքան, չի նշանակում, որ իրենք պետք է անցնեն բոլոր չափ ու սահմանները»,- նշեց ակցիայի մասնակիցներից ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը՝ հավելելով, որ մանրամասն չգիտի, թե ինչ է տեղի ունեցել:
«Եթե իրենք հարցը տանում են ինքնասիրության դաշտ, խնդիր չկա, եկեք տեսնենք, թե ով կպարտվի այդտեղ»,-ասաց նա՝ տեղեկացնելով, որ քիչ առաջ ԱԺ անդորրը հսկող ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից ՀՅԴ անդամ, կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանին, ով ոստիկաններին ասաց․ «Նիկոլի ստրուկներ»:



