Ես վստահ չեմ, որ իրենք ժողովրդավարության արժե...

Այդ պնդումը սուտ է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ինքը չպաշտպանեց Նիկոլ Փաշինյանին, երբ Բագրատ Գալստանյանի գլխավորած շարժումը նրա հրաժարականն էր պահանջում:

Նա հավելեց, որ ընդդիմության շարժման վերաբերյալ այդ ժամանակ հարցազրույց է տվել եւ իր գնահատականները հնչեցրել է, թե ինչ է մտածում այդ շարժման մասին, նրա բովանդակության մասին: «Ամենայն հարգանք ունեմ բոլոր այն ընդդիմադիր մրդկանց, որոնք մեր ուժին չեն սատարում, մեզ ընդդիմանում են: Դա շատ բնական պրոցես է ժողովրդավարական երկրում, որ յուրաքանչյուր իշխանություն պետք է ունենա ընդդիմություն: Եթե մեր ընդդիմադիր ուժերը կարողանային ավելի բովանդակալից ու ուժեղ օրակարգեր առաջադրել, դա նաեւ մեզ եւ մեր երկրին օգտակար կլիներ:

Ես հստակ գիտեմ մեր ուժի գաղափարախոսությունը, իմ եւ վարչապետի գաղափարախոսությունը: Ինձ համար բացահայտ է, թե ում ենք ծառայում, ինչի համար ենք այս աշխատանքն անում, ինչ արժեքներով ենք առաջնորդվում:

Ինձ համար հասկանալի չէ այնտեղ բեմում գտնվող մարդկանց արժեքները, ես վստահ չեմ, որ իրենք ժողովրդավարության արժեքները կիսում են: Ես վստահ չեմ, որ իրենց օրակարգը այս երկրի շահերից էր բխում: Եթե ուզում եք ավելի անկեղծ լինեմ, կարող եմ ասել, որ ես վստահ եմ, որ մենք երբեք այս երկրում ընտրություններ չենք կեղծելու, եւ մի օր վստահաբար, ընդդիմությունը արդար ընտրությունների միջոցով հաղթելու է, բայց ես վստահ չեմ, որ այսօր այդ ուժերը կան, որոնք նվազագույն, ամենակարեւոր, ամենաֆունդամենտալ արժեքը կիսում են»,-ասաց Տիգրան Ավինյանը: