ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում իր դեմ մահափորձից հետո առաջին հարցազրույցն է տվել՝ պնդելով, որ ինքը, «ենթադրաբար, պետք է մեռած լիներ»: Քաղաքական գործչի խոսքով՝ իր կյանքը, հավանաբար, փրկել է այն հանգամանքը, որ «մի պահ գլուխը շրջել է աջ՝ դեպի էկրանը»:
«Ես հազվադեպ եմ ամբոխից հայացքս թեքում: Եթե այդ պահին նույն կերպ վարվեի (հայացքը չթեքեր-Խմբ.), այսօր միասին չէինք զրուցի, այնպես չէ՞: Ամենաանհավանականն այն էր, որ ես ոչ միայն շրջվեցի, այլև շրջվեցի ճիշտ ժամանակին և ճիշտ չափով: Եթե ես միայն կես շրջադարձ կատարեի, գնդակը կհարվածեր ուղեղիս հետևին և կանցներ իմ գանգով: Եվ քանի որ էկրանը բարձր էր, ես վեր նայեցի: Կատարյալ շրջադարձ անելու հավանականությունը շատ փոքր էր, ուստի ես այստեղ չպետք է լինեի, պետք է մեռած լինեի», - New York Post-ին ասել է Թրամփը:
Նա հավելել է, որ դիպուկահարն իր դեմ մահափորձ իրականացնողին՝ Թոմաս Մեթյու Քրուքսին, սպանել է «ուղիղ աչքերի միջև մեկ կրակոցով»: Այնուհետև Թրամփը գովել է Գաղտնի ծառայության, անվտանգության աշխատողների արագությունը:
«Նրանք ֆանտաստիկ աշխատանք կատարեցին», - հավելել է նա:
Թրամփի խոսքով՝ «գործակալներն այնքան ուժեղ են իրեն բռնել ու գետնին տապալել, որ կոշիկները հագից դուրս են եկել»։«Ուրախ եմ լսել, որ նա ապահով է և իրեն լավ է զգում: Ես աղոթում եմ նրա և նրա ընտանիքի համար։ Ջիլը և ես երախտապարտ ենք Գաղտնի ծառայությանը նրան փրկելու համար: Ամերիկայում նման բռնության համար տեղ չկա։ Մեր ազգը պետք է միավորվի սա դատապարտելու համար»,- իր ուղերձում ասել է Բայդենը։



