Էս վարույթում փիղ կա, որը բոլորը փորձում են շ...

Այս վարույթի առաջին օրվանից, մի քիչ պատկերավոր ասեմ, կա մի փիղ, որը բոլորը փորձում են շրջանցել, բացի, իհարկե, մեղադրանքի կողմից, բայց չի ստացվում։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 25–ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ հայտարարեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Այդ փիղը այն է, որ 2023 թվականին նույն արարքը, նույն բառերով, դատախազությունը գտել է, որ հանցագործություն չէ, իսկ 2025 թվականին 2024 թվի տեսանյութը կամ այդպես հայտարարությունը կամ խոսքը գտել է, որ հանցագործություն է։ Առաջին իսկ օրից շատ պարզ է, որ սա այս գործի ամենամեծ աղաղակող անարդարությունն է։

Ընդհանրապես, շատ հազվադեպ է լինում, գրեթե չի լինում, որ հասարակության համակրանքը, սիմպատիան լինի մեղադրյալի կողմը, բայց այս դեպքում այդպես չի, որովհետև առաջին իսկ օրից ակնհայտ է, որ կա անարդար վերաբերմունք։ Այլ պարագաներում կարող էինք քննարկել՝ այստեղ հանցագործություն կա՞, թե՞ չկա, բայց այս պարագայում հնարավոր չի, որովհետև մի անգամ պետությունը իր դիրքորոշումը ասել է։ Նույն արարքը, թեև նույն ժամանակ չի կատարվել, բայց նույն արարքը, նույն բառերով, նույն գործողություններով չի կարող երկու անգամ տարբեր գնահատական ստանալ։ Հիմա մենք ասում ենք, ժողովուրդ ջան, մենք եկեք նայենք, տեսնենք այս երկու արարքները իրար նույնական են, թե չէ։

Eս ուզում եմ հասկանալ մեղադրողի դիրքորոշումը, այսինքն ասում է` չէ, չնայենք չհասկանանք, այսինքն մեր կասկածները կամ հանրության կասկածները չփարատվեն, այդպես թողենք, անցնենք առա՞ջ:

Նույնիսկ դատախազությունը պարզաբանումը տրամադրել է հենց այդ կասկածները ենթադրաբար փարատելու համար, ասելով, որ հնչեցված հայտարարությունները հուզական կամ անզգույշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն այս անգամ։ Այսինքն առնվազն դատախազությունը ևս տեսել է, որ այստեղ առերեւույթ կասկած կա։ Եվ կարող է ստացվել, որ նույն արարքի համար անձը կրկին դատապարտվում է, դատվում է»,– ընդգծեց նա։