Աուտիզմ, հաշմանդամություն, մտավոր, տեսողական, լսողական և այլ խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների մասին իրազեկումը հայ հասարակության մեջ անհրաժեշտ է բարձրացնել, որպեսզի նրանց նայեն ոչ թե որպես «այլմոլորակայինների», այլ որպես մեզնից մեկի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններն ասում են, որ իրենց գլխավոր նպատակը համընդհանուր ներառումն է՝ խնդիրներ ունեցող և չունեցող մարդկանց մեկ տեղում համախմբելը: Դրան հասնելու համար աուտիզմ ունեցող երեխաների կրթությամբ և զարգացմամբ զբաղվող կենտրոնի ղեկավարը առաջարկում է հետևյալ բանաձևը. «Ես ձեզնից մեկն եմ, բայց ես այլ կերպ եմ զարգանում»:
«Մեր այսօրվա միջոցառման նպատակն է իրազեկել մեր հասարակությանը աուտիզմի և նրա դրսևորումների, ինչպես նաև ներառման մասին: Այսօր «Հույսի կամուրջ» ՀԿ-ի հետ փորձում ենք բարձրացնել հանրության իրազեկվածությունը աուտիզմ, հաշմանդամություն, մտավոր և այլ խնդիրներ ունեցող երեխաների մասին, ընդգրկել նրանց և ներառել հասարակության մեջ», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «TMM - Սովորեցրու ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոնի տնօրեն Լենա Հարությունյանը՝ ընդգծելով, որ իրազեկման և ներառման խնդիր մեր հասարակության մեջ այսօր իսկապես կա:
Հուլիսի 12-ին, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ, «Մենք կարող ենք» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությամբ, և «TMM - Սովորեցրու ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոնը տևական դադարից հետո Թումանյանի այգում կազմակերպել էին համատեղ բացօթյա միջոցառում, որի նպատակն էր բարձրացնել հանրության իրազեկվածությունը աուտիզմ, հաշմանդամություն, մտավոր խնդիրներ ունեցող երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքների մասին, ապահովել նրանց մասնակցությունը մշակութային ու ժամանցային միջոցառումներին բոլորի հետ հավասար պայմաններում:
Առավել մանրամասն, տես՝ «Արմենպրես»-ում։



