ԱՄՆ-ն համարում է, որ իրենք հեգեմոն չեն ու չեն ուզում լինել, քանի որ ծախսատար է։ Ի՞նչ է անում այս իրավիճակում Հայաստանը, ասում է՝ ես փոխում եմ իմ աշխարհաքաղաքական վեկտորը, և մտածում է, որ սա ճիշտ պահն է։ Ես պնդում եմ, որ սա ամենից վտանգավոր պահն է նման կարգի քայլերի համար, կրկնում եմ՝ ամենից վտանգավոր: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
«Հայաստանը ցանկանում է իր աշխարհքաղաքական վեկտորը փոխել դեպի այն կենտրոն, որն ակնհայտ թուլանում է, և հեռանում է այն կենտրոնից, որը ուժեղանում է։
Այստեղ ինչ տրամաբանություն է աշխատում, ես չգիտեմ, ինձ համար սա անհասկանալի է։ Հմուտ նավապետը փոթորիկի ժամանակ իր փոքրիկ նավը չի հանում օվկիանոս։ Այս մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում, և չհասկանալով քայլեր են ձեռնարկում, որոնք լուրջ վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետությունը։ Ես չգիտեմ՝ մարմնի որ մասով են մտածում, ենթադրում եմ, որ ուղեղ կա, բայց հավանաբար այդ ուղեղն օգտագործելու հմտությունը չկա»,- ասել է նա:



