Երկու տարբեր տեսակետ․ որը կհաղթի․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ ՀՅԴ-ում քննարկում են առաջիկա օրերին, չի բացառվում՝ մայիսի 25-ին, հանրահավաք անցկացնելու հարցը։ Այդ օրը Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահի միջնորդությամբ հանդիպելու է Ադրբեջանի նախագահի հետ, եւ չի բացառվում, որ փոխադարձ տարածքային ամբողջականություն ճանաչելու արձանագրություն ստորագրվի։ Իսկ եթե անգամ չստորագրվի՝ վերջին շտրիխները դրվեն այդ փաստաթղթի տեքստում, եւ մնա միայն ստորագրման արարողությունը։ Հանրահավաք անցկացնելու որոշումը դեռ վերջնական չէ, որոշ տեղեկություններով՝ կուսակցությունում բացակայում է միասնական դիրքորոշումն այս հարցում՝ ոչ այն պատճառով, որ դիմադրություն չպետք է ցույց տալ, այլ հաշվի առնելով ընդդիմությանը եւ հատկապես Դիմադրության շարժման լիդեր Իշխան Սաղաթելյանին ուղղված քննադատությունները։

Ոմանք կարծում են, որ, անկախ ամեն ինչից, պետք է ցույց տալ, որ ժողովուրդը լռելյայն համաձայնություն չի տալիս իշխանությունների մոտեցումներին՝ Արցախը հանձնելու եւ ՀՀ տարածքից զիջումների գնալու հարցում, եւ ընդվզում է։ Ոմանք էլ, հաշվի առնելով մարդկանց հիասթափությունը եւ ապատիան, մտահոգություն ունեն, որ հանրահավաքը սակավամարդ կլինի, եւ իշխանությունն այդ փաստն ավելի կշահարկի՝ հայտարարելով, որ ժողովուրդն իրենց քայլերին դեմ չէ։ Այդպիսով քննադատությունների նոր դոզա իրենց դեմ կուղղվի ոչ միայն իշխանությունների, այլեւ առավել արմատական ընդդիմադիրների կողմից։ Այս տեսակետի կողմնակիցներն ասում են․ թողնենք՝ դաշտն ազատ մնա, որ մեզ քննադատողները քայլեր անեն։

Մի խոսքով՝ խորհրդարանական ուժը հայտնվել է երկու քարի արանքում։ Թե որ թեւի կարծիքը ծանրակշիռ կլինի եւ կհաղթի, մեր աղբյուրները դժվարացան պատասխանել։ Ի դեպ, երեկ լրագրողների հետ ճեպազրույցում Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ նոր պայքար է սկսվում․ անհրաժեշտ է ստեղծել դիմադրության նոր շարժում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում. «Մենք ընտրության հնարավորություն չունենք՝ կա՛մ պետք է հանձնվել, կա՛մ պետք է պայքարել հայրենիքի փրկության համար»։