Ռուս ռազմական վերլուծաբան Եվգենի Կրուտիկովը «Взгляд» կայքում վերլուծել է ղարաբաղյան երկրորդ պատերազմը և առանձնացրել դրա հինգ գլխավոր առեղծվածները: Orakarg-ը ներկայացնում է այդ վերլուծության թարգմանությունը՝ որոշակի կրճատումներով:
Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ավարտը բազում առեղծվածների ու դավադրության տեսությունների տեղիք տվեց: Եվ իրոք, սովորական ռազմական տրամաբանության տեսանկյունից այս հակամարտության որոշ հանգամանքներ չափազանց խորհրդավոր են կամ գոնե պարադոքսալ: Դատելով ամեն ինչից՝ Հայաստանի ղեկավարությունն ինքն է քաղաքական աղետ հրահրել:
Թվարկենք, թե կոնկրետ որ առեղծվածներն են առաջ բերում ամենամեծ հարցադրումները և հրահրում Հայաստանում (և ոչ միայն) «դավադրությունների տեսությունների» ի հայտ գալուն:
1. Ինչո՞ւ Հայաստանում լիարժեք զորահավաք չիրականացվեց, և հակամարտության շրջան լիարժեք զորամասեր չտեղափոխվեցին:
Չնայած հայրենասիրական բնույթի բարձրահունչ հայտարարություններին՝ Հայաստանում իրական մոբիլիզացիա չանցկացվեց: Հայկական բանակի մշտական թիվը` շուրջ 50 հազար մարդ է, և այն ավելացել է միայն կամավորների հաշվին: Այն դեպքում երբ ռազմական գործողությունների պայմանները պահանջում էին Ղարաբաղը պաշտպանող մարդկանց թիվը հասցնել առնվազն 80-100 հազար մարդու: Միևնույն ժամանակ, շատ շուտով ռազմաճակատում գտնվող հայկական բանակում սկսեց երևալ մասնագետների սակավությունը (օրինակ՝ հրետանային հաշվարկների և համազարկային կրակի ռեակտիվ համակարգի պակասությունը): Շարքից դուրս եկածները փոխարինողներ չունեին:
Հայաստանի հիմնական ռազմական ուժերը չտեղափոխվեցին Ղարաբաղ: Մինչդեռ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի կողմից ստեղծված լարվածությունը թուլացնելու համար բավական էր պարզապես վաղ հայտնաբերման ռադարները վերատեղափոխել Գորիս: Եվ մեկ բանակային կորպուսը բավական կլիներ հարավային ուղղությունը ծածկելու համար նույնիսկ այն փուլում, երբ ադրբեջանցիները ծուլորեն դոփում էին պաշտպանության առաջին գծի դիմաց: Պատշաճ մատակարարում չկազմակերպվեց, և մեկ ամիս տևած մարտերից հետո դա հանգեցրեց համազարկային կրակի ռեակտիվ համակարգի և փողային հրետանու արկերի պակասի: Իսկ առանց հրետանու աջակցության, հետևակը կարող է միայն հերոսաբար զոհվել:
2. Ինչու՞ իրեն այդքան տարօրինակ պահեց հյուսիսային ճակատը:
Ղարաբաղի հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Մադաղիսի շրջանում տեղակայված էր հայկական պաշտպանության մեծ ամրացված տարածք, որը ներառում էր շատ մարտունակ ստորաբաժանումներ: Եվ նրանք իսկապես լուրջ դիմադրություն ցույց տվեցին առաջ շարժվող ադրբեջանական խմբին և, ի վերջո, փաստացի կանգնեցրեցին այն (չնայած նրանք կորցրեցին մի քանի դիրքեր և կարևոր գյուղեր):
Բայց դրանից հետո «Եղնիկներ» էլիտար գումարտակը հանկարծ նահանջեց, չնայած նրա հրամանատարը հասցրեց ձեռք բերել «Արցախի հերոս» կոչումը: Ավելին, հոկտեմբերի 3-ից սկսած ոչ «Եղնիկներ»-ից, ոչ էլ ընդհանրապես որևէ այլ զորամաս հյուսիսային ռազմաճակատից դուրս չբերվեց և չտեղափոխվեց այրվող հարավին օգնելու: Ընդ որում, ադրբեջանցիները միայն մեկ անգամ որոշեցին կրկին հարձակման իմիտացիա ստեղծել հյուսիսում՝ ակնհայտորեն շեղող նպատակներով: Հյուսիսում կարիք չկար պահելու մինչև 20 հազար մարդ:
Ղարաբաղի ղեկավարությունն այս ամենը ոչ պաշտոնապես բացատրում էր ռեսուրսների սղությամբ: Բայց հիմա Ղարաբաղում «ռեսուրսների պակասով» է բացատրում ամեն ինչ:
3. Ինչու՞ փլուզվեց հարավային ճակատը:
Այն փաստը, որ ադրբեջանցիները հիմնական հարվածը հասցրին հարավում՝ տափաստանային գոտում, արդեն անզեն աչքով տեսանելի էր պատերազմի առաջին մի քանի օրերին: Այնուամենայնիվ, մարդկային և տեխնիկական ռեսուրսները սկսեցին հասնել հարավային ճակատ, երբ այդ ճակատը, ըստ էության, այլևս չկար: Տափաստանային գոտին կորել էր, իսկ ճակատը կանգնեցվեց Կարմիր բազարից Մարտունի ձգվող լեռների եզրին: Արդյունքում, այս տարածքում կուտակվել էր մինչև 30 հազար մարդ՝ պաշտպանելով Ղարաբաղը: Նրանց սպառնում էր ամբողջական շրջապատում և մահ, ինչը հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման պատճառներից մեկն էր: Միևնույն ժամանակ, մինչ Ջաբրայիլի գրավումը, ադրբեջանական զորքերը շատ դանդաղ էին առաջ շարժվում՝ գցելով հարձակման իրենց իսկ տեմպերը: Սա հայերին տվեց ոչ մեծ, բայց և այնուամենայնիվ ֆորա՝ իրավիճակը հասկանալու և վերաբաշխում սկսելու համար:
Ի՞նչ պատճառով հայկական հրամանատարությունը որոշեց հարավային ճակատ չտեղափոխել լրացուցիչ ռեսուրսներ: Սա ևս մեկ առեղծված է:
4. Ինչո՞ւ հայկական կողմը սահմանափակվեց միայն պասիվ պաշտպանությամբ:
Ամբողջ պատերազմի ընթացքում հայկական կողմը ընդամենը երկու փորձ կատարեց հակագրոհելու շատ առաջ ընկած ադրբեջանական առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ: Երկու անգամ էլ դա պատահել է Լաչինի դիմաց՝ նեղ կիրճում՝ ադրբեջանական գումարտակային մարտավարական խմբի ծայրահեղ խոցելիության պայմաններում: Մի անգամ նույնիսկ հաջողված: Բայց այդ գործողությունները հանգում էին պարզապես հակառակորդի կուտակման վայրերի վրա համազարկային կրակի ռեակտիվ համակարգով զանգվածային հարվածների հասցմանը: Պահանջվում էր կիրճը փակելու և թշնամուն հարավային ճակատի այլ հատվածներում շրջապատելու օպերացիա: Բայց ոչ մի հայկական ստորաբաժանում տեղից չշարժվեց: Զարմանալի պատերազմ, որում կողմերից մեկը ցամաքի վրա ոչ մի հարձակողական գործողություն չիրականացրեց՝ սահմանափակվելով միայն և բացառապես պասիվ պաշտպանությամբ:
Լաչինի դիմացի կիրճում հաջող հակագրոհը կաթսայի մեջ կջարդեր այնքան շատ ադրբեջանական ուժեր, որ նրանք առնվազն երկու շաբաթ չէին մտածի Շուշիի վրա հարձակվելու մասին: Իսկ ավելի ուշ միանգամայն հնարավոր կլիներ ոչնչացնել ադրբեջանական հետևակը Ավերատանոցի կիրճում: Բայց դրա համար անհրաժեշտ էր ջանքեր գործադրել:
Բացատրություն չկա նաև, թե ինչու հայկական կողմը նույնիսկ չփորձեց հակագրոհել կամ այլ մեթոդներով օգտագործել բազմիցս նրա մոտ ի հայտ եկած օպերատիվ առավելությունը: Ռեսուրսների բացակայության մասին անվերջ կարելի է հիշատակել միայն ռազմական գործողությունների վերջին փուլերում, բայց պասիվ պաշտպանությունը մշտական մարտավարություն էր պատերազմի հենց սկզբից:
5. Ինչո՞ւ հանձնվեց Շուշին:
Ամենազգայուն ու անհասկանալի հարցը: Ադրբեջանական հետևակի կողմից քաղաքի վրա առաջին հարձակումը ծայրաստիճան անհաջող էր: Հետո, ադրբեջանցիների երկրորդ շարասյունը ծածկվեց համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածով: Ուժերի լարմամբ և Հայաստանի որոշակի օգնությամբ հնարավոր էր ոչնչացնել դեպի քաղաք ներխուժած ադրբեջանական խումբը: Այնուամենայնիվ, հանկարծ որոշում է կայացվում առանց կռվի թողնել քաղաքը և փորձեր չձեռնարկել ազատագրելու այն՝ բարենպաստ օպերատիվ-մարտավարական իրավիճակի պայմաններում, որը պահպանվեց ևս մեկ օր:
Ենթադրվում է, որ Շուշին լքելու որոշումը կայացվել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի և տեղական լեգենդ Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Սամվել Բաբայանի կողմից: Այժմ, ի նշան զինադադարի կնքման դեմ բողոքի, նա թողել է իր պաշտոնը և հրաժարվել Արցախի հերոսի կոչումից: YouTube-ի հայկական «Լուրեր» («Նովոստի») ալիքը հրապարակել է Բաբայանի և Հարությունյանի բանակցությունների ձայնագրությունը, որից հետևում է, որ գեներալ Բաբայանը ռեալ գնահատել է Շուշին վերադարձնելու հնարավորությունը նույնիսկ այն թողնելուց հետո, բայց դիմադրության հետագա հեռանկարները շատ մռայլ է նկարագրել:
Ամփոփելով այն՝ գեներալ Բաբայանը կարծում էր, որ ռազմական գործողությունների այս փուլում դիմադրությունն անօգուտ է և որ պետք է հրաժարվել պատերազմի շարունակությունից:
Բայց այս ամենը չի հանում այն հարցը, թե ինչու՞ ադրբեջանցի հետևակայինների ոչ մեծ խումբը առանց մեծ տեխնիկայի ներխուժեց Շուշի և չոչնչացվեց մինչ հայկական բանակում խուճապի հայտնվելը: Շուշիի պահպանումը Արցախի և Հայաստանի համար կստեղծեր քաղաքական պայմանավորվածությունների համար միանգամայն այլ ճարտարապետություն: Եթե այս որոշումը քաղաքական է, ապա, այնուամենայնիվ ո՞վ է իրականում կայացրել այն:
Երկրորդ ղարաբաղյան պատերազմի առեղծվածների այս ցուցակը հեռու է ամբողջական լինելուց: Բացի այդ, Հայաստանի ղեկավարության նկատմաբ կուտակվել է նույնքան շատ հարցեր պատերազմին նախապատրաստվելու վերաբերյալ: Այս պատերազմը պարտվել էր դեռ չսկսված՝ հենց Երևանի անգործության կամ տարօրինակ գործողությունների պատճառով:
Հետաքննությունը կշարունակվի երկար ժամանակ: Այս քառասուն օրվա ընթացքում իրավիճակը տարածաշրջանում այնքան արմատապես փոխվեց, որ հակամարտության կարգավորման և դրա ռազմական բաղադրիչի բոլոր հին մոտեցումները ինքնաբերաբար մարեցին: Եվ նոր իրողությունը Հայաստանի համար նոր լուծումներ է պահանջելու: Եվ դեռ պարզ չէ, թե ով է կայացնելու այդ որոշումները:



