Երկխոսության համար Ուկրաինան պետք է չեղարկի Ռ...

Ուկրաինայում խաղաղության գործընթացի մեկնարկի համար Կիևը նախ պետք է չեղարկի բանակցություններ վարելու օրենսդրական արգելքը, և այդ հրամանագրի չեղարկումը կարող է դառնալ դեպի երկխոսություն առաջին քայլը։ Այս մասին  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։

«Եթե Միացյալ Նահանգները կարծում է, թե Ուկրաինան պատրաստ է բանակցությունների, ապա թող չեղարկեն Ուկրաինայի նախագահի հրամանագիրը, որն արգելում է բանակցություններ վարել․ չէ՞ որ այնտեղ նախագահը հրամանագիր է արձակել, որով ինքն իրեն և բոլորին արգելել է բանակցություններ վարել։ Ահա (խմբ․՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի) Բլինքենն ասում է, որ նրանք պատրաստ են։ Դե լավ, թող նախ չեղարկվի այդ հրամանագիրը, դա առաջին քայլն է», - ՌԴ ղեկավարի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։

Նա նշել է, որ առայժմ հակահարձակման հետևանքով Ուկրաինան կրում է մարդկային մեծ կորուստներ և տեխնիկայի կորուստներ։

«Նրանք ցանկացած գնով, ինչպես իրենք են ասում, ձգտում են արդյունքների հասնել», - ասել է Կրեմլի ղեկավարը։

 Ըստ Պուտինի՝ Ռուսաստանը չի կարող դադարեցնել մարտական գործողությունները, եթե հակառակորդը հակահարձակման է գնում։