Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը հայտնի տեսանյութի արտահոսքի համար մեղադրել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լուրերի բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանին։ Թերթը մասնավորապես գրել է․«Ըստ լրատվական դաշտում շրջանառվող լուրերի՝ «Երկիր մեդիա»-ի լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը կադրերը փոխանցել է Ռոբերտ Քոչարյանին պատկանող «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանին, որն էլ կազմակերպել է արտահոսքը Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին պատկանող ֆեյքերից մեկի միջոցով»։
Գեղամ Մանուկյանը Politik.am-ի հետ զրույցում հիմարություն որակեց հրապարակումը․«Կարճ ասում եմ՝ հիմաուրություն։ Այնքան անգրագետ են, որ անգամ մեկնաբանության համար նախապես չեն էլ զանգահարել։ Իրենց պատկերացրած լրագրությունը սա է, ցավոք սրտի»։
5-րդ ալիքի լուրերի բաժնի ղեկավար Հարություն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Սովորություն չունեմ և երբեք լրագրողական համայնքի ներկայացուցիչների դեմ չեմ գրել, ավելին՝ երբեք դատական հաայցով հանդես չեմ եկել: Դա իմ տեսակը չէ, և այն անհեթեթությունը, որ գրել է վարչապետի ընտանիքին պատկանող թերթը դիտարկում եմ ՖԱՍ հրահանգի շրջանակում: Կարելի է հայհոյել, նույնիսկ տղայական ոճով «քֆուր դնել», բայց դրանք այլ որակների դեպքում է լինում, իսկ այդ դեպքում՝ ՖԱՍ և միայն՝ ՖԱՍ:
Մարդ չդարձաք, հո զոռով չի»։