Հայաստանը հետաքրքրված է հնդկական «Pralay» տակտիկական բալիստիկ հրթիռներով։ Այս մասին տեղեկացրել է IDRW հնդկական պարբերականը։
Ադրբեջանը, ըստ լրատվամիջոցի, օգտագործում է իսրայելական «Barak-8» զենիթահրթիռային համալիրները, որոնց մշակմանը մասնակցել է նաեւ Հնդկաստանը։ Հակաօդային պաշտպանության այդ համակարգի հաղթահարման համար Երեւանը դիտարկում է «երկիր-երկիր» դասի հնդկական «Pralay» հրթիռներ գնելու հնարավորությունը։
Դա փոքր հեռահարության հրթիռ է, որի կարեւոր առանձնահատկությունն այն է, որ կարող է մանեւրել հետագծի վերջնամասում եւ փոխել թռիչքի ուղղությունը, ինչը «Pralay»-ը դարձնում է որսալու համար չափազանց բարդ թիրախ անգամ այնպիսի ժամանակակից համակարգերի կողմից, ինչպիսին է «Barak-8»-ը կամ «С-300»-ը։
Գործարքի կնքման պարագայում Հայաստանը կդառնա «Pralay» համակարգի առաջին օտարերկրյա գնորդը։



