Նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Գ-1» թաղամասի հասցեներից մեկում գտնվող տանը ամուսինը, գտնվելով տնային կալանքի տակ, ծեծի է ենթարկել կնոջը, փորձել է խեղդել, ինչպես նաև իր մոտ ունի անհայտ տեսակի հրազեն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 12։30-ի սահմաններում, Աջափնյակ վարչական շրջանի հասցեներից մեկում գտնվող տանը կենցաղային և անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վարչական հսկողության տակ գտնվող 37-ամյա Տ․ Թ․-ն, անչափահաս որդու՝ 5-ամյա Տ․ Թ․-ի ներկայությամբ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը՝ 34-ամյա Մ․ Ս․-ի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով աջ ձեռքի դաստակի արտաքին հատվածի վնասվածք։
Նա նաև փորձել է խեղդել կնոջը, ինչի հետևանքով վերջինիս պարանոցի աջ և ձախ հատվածներում առաջացել են քերծվածքներ և կարմրածություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մաշտոցի համայնքային ոստիկաններին կինը հայտնել է, որ ամուսինը իր մոտ առկա ատրճանակն ուղղելով իր վրա՝ սպառնացել է սպանել իրեն, ինչն ինքը իրական է ընդունել։ Ոստիկանների կողմից առողջությանը վնաս պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Տ․ Թ․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս «Գ-1» թաղամասի տներից մեկի հարակից բակում՝ աստիճանների տակ, հայտնաբերվել է մարտական «Մակարով» տեսակի, առանց գործարանային համարների ատրճանակ՝ լիցքավորված 8 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներով։



