
Երևանն ունի Հարավային Կովկասում ամենավատ օդի որակը։ Այս մասին սեպտեմբերի 23-ին «Բանկային գործի ապագան. նորարարություն և զարգացման հեռանկարներ» ֆորումի ժամանակ հայտարարեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։
Նրա խոսքով՝ սա ազդում է երկրի գրավչության վրա։ Նա նաև մատնանշեց Հայաստանի հողերի ակտիվ անապատացման խնդիրը, ինչպես նաև գետերի աղտոտվածությունը՝ գյուղատնտեսական, շինարարական և հանքարդյունաբերական գործունեության պատճառով։ Ժակոբը գնահատում է, որ Հայաստանը իր ՀՆԱ-ի ընդամենը 0.6%-ն է ծախսում շրջակա միջավայրի պաշտպանության վրա։
Նա հավելեց, որ Հայաստանը առաջընթաց է գրանցում իր խաղաղության օրակարգում, ինչը նոր հնարավորություններ է բացում։ Ժակոբը նշեց, որ սա թույլ է տալիս ստեղծել համապատասխան միջավայր կանաչ տնտեսության զարգացման համար, այդ թվում՝ COP17-ի շրջանակներում։
Նա ընդգծեց բանկերի կարևոր դերը կայուն զարգացման օրակարգի ֆինանսավորման գործում։ Ժակոբը վստահություն հայտնեց, որ հայկական բանկերը կարող են նպաստել կանաչ տնտեսության զարգացմանը, անտառների վերականգնմանը և այլ ոլորտներում։
Նա ընդգծեց, որ COP17-ին նախապատրաստվելիս Հայաստանը պետք է ցույց տա իր հանձնառությունը կենսաբազմազանության պաշտպանությանը։ Ժակոբը բացատրեց, որ համաժողովը կոչ է անում այս ոլորտի համար համաշխարհային ֆինանսավորումը 200 միլիարդ դոլարով ավելացնել։