«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանը ներկայացրել է էլեկտրատրանսպորտի ենթակայանների թվայնացման ուղղությամբ կատարված աշխատանքները։
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Սարգիս Բեջանյանը նշել է, որ Երևանում տրոլեյբուսների էլեկտրամատակարարումը իրականացվում է 23 ենթակայաններով։ «2025 թվականի ընթացքում ստեղծվեց ենթակայանների մշտադիտարկման և կառավարման նոր թվային համակարգ, որն ապահովում է տրոլեյբուսների կոնտակտային ցանցը սնող ենթակայանների աշխատանքի ամբողջական վերահսկումն ու օպերատիվ կառավարումը միայն մեկ կենտրոնացված հեռաղեկավարման համակարգից։ Նոր համակարգը թույլ է տալիս հեռավար կարգով հետևել ենթակայանների աշխատանքին, գնահատել տեխնիկական պարամետրերը, միջամտել սարքավորումների աշխատանքին, իրականացնել հսկողություն ենթակայանների հակահրդեհային անվտանգության և կողմնակի անձանց մուտք գործելու դեպքերում։ 2.5 տարի առաջ սկսված այս ծրագիրը հաջողությամբ իրականացավ, որի արդյունքում աշխատանքների օպտիմալացման շնորհիվ տարեկան կտնտեսվի 100 միլիոն դրամի չափով գումար»,- նշել է Բեջանյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելել է, որ նմանատիպ «անտեսանելի» գործընթացներ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող տարբեր հիմնարկներում և ընկերություններում շատ կան, բայց շատ կարևոր է, որ աշխատանքները պարբերաբար ներկայացվեն հանրությանը։
«Ինչպես նշեց պարոն Բեջանյանը, այս գործընթացների թվայնացման շնորհիվ Երևանի քաղաքապետարանը տարեկան տնտեսելու է 100 միլիոն դրամ։ Այն, ինչ արվում էր մեխանիկական ձևով, հիմա արվում է ավտոմատացված»,- ասել է քաղաքապետը։



