
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ում են. նրանք պարզաբանումներ են պահանջում համացանցում տարածված աղմկահարույց ձայնագրությունների վերաբերյալ։
Ավագանու ընդդիմադիր անդամ Գևորգ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի երկու մուտքներն էլ փակ են, ղեկավարությունից էլ հայտնում են՝ թե մամուլի խոսնակը հիվանդ է, աշխատանքի չի գնացել, հետևաբար չի կարող հանդիպել ավագանու անդամների հետ։
«Իմ կարծիքով, եթե երեկ այս ձայնագրությունները չտարածվեին, նա այսօր աշխատավայրում կլիներ։ Սիրելի երևանցիներ, էս մարդիկ ձեզ նայում են որպես տուգանքի առարկա, «համբալ, թուլա ու լակոտ»։ Հերիք է հանդուրժեք ու լռեք, դուք նրանց պետք է պատասխանեք հանրային տրանսպորտի թանկացումը բոյկոտելով»,–ասաց ավագանու ընդդիմադիր անդամը՝ նշելով, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի հիմնական նպատակը վարորդների և քաղաքացիների միջև լարվածության մթնոլորտ ստեղծելն է։
Գևորգ Ստեփանյանը քաղաքացիներին կոչ արեց բոյկոտի շրջանակներում վարորդների հետ ընդհարումների չգնալ։
«Երևանի ավտոբուս ՓԲԸ–ում ղեկավարություն գոյություն չունի, փաստացի այս մարդիկ համաձայն են, որ վարորդները ուղևորների հետ լկտի բառապաշարով խոսեն»,–ասաց Գևորգ Ստեփանյանը՝ կրկին շեշտելով, որ Երևանի ավտոբուս ՓԲԸ–ի ղեկավարությունը չի ցանկանում հանդիպել ավագանու անդամների հետ և նրանց հարցներին պատասխանել։
Հիշեցնենք, որ երեկ համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև խոսակցություններից, որոնց մեծ մասում վարորդներին հրահանգում են քաղաքացիների կողմից ուղեվարձը չվճարելու դեպքում չվարել ավտոբուսը։
«Տղե՛րք ջան, բարև ձեզ, Վահեն ա ձեր հետ խոսում։ Տղե՛րք ջան, ուրեմն լսեք, ցավդ տանեմ, եթե չեն վճարում, ընդհանրապես չեք քշում, չեք շարժվում տեղից, կանգնեք, մի՛ քշեք, մինչև չվճարեն։ Էն որ ստից «դռռցնում ա», վերցրե՛ք կտրոնը, նայե՛ք, որ չխաբեն ձեզ, ոչ մեկս էշ չենք, մենք ուզում ենք գնանք արդար նպատակի։ Ով «վիզ դրեց» չվճարողների դեմ, ես իրան պատասխան եմ տալիս իր աշխատանքով, եկեք պայքարենք թող վճարեն»,–ասվում էր տարածված ձայնագրություններից մեկում։