Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանափոխելու վերաբերյալ Երևանի ավագանու որոշման նախագծի քվեարկությունը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով:
Երևանի ավագանու որոշման նախագիծը ներկայացրել էր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկել է նախագիծը լրացուցիչ քննարկել ավագանու մյուս խմբակցությունների հետ և համաձայնության հասնելու դեպքում այն ներառել առաջիկա նիստերից մեկի օրակարգում։
«Քանի որ, ինչպես հասկացա, սկզբունքային անհամաձայնություն չկար, մասնավորապես, «Հանրապետություն» խմբակցության կողմից, իսկ մի շարք գործընկերներ ևս հարաբերականորեն դրական և բովանդակային մոտեցում ունեին, առաջարկում եմ շարունակել քննարկումները»,- նշել է քաղաքապետը։
Ավինյանը նաև երևանցիներին կոչ է արել ակտիվ մասնակցություն ցուցաբերել քվեարկություններին «Ակտիվ քաղաքացի» հարթակում։



