Երևանի 40-ամյա բնակչի սպանության գործով մեղադ...

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ անհետաձգելի գործողությունների,  ինչպես նաև ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են 2021թ. նոյեմբերի 1-ին Երևանի 40-ամյա բնակչի սպանության հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 2001թ.:

Հավելենք որ, հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակցից զեկուցագիր է ստացվել նաև այն մասին, որ նոյեմբերի 1-ին դեպքի վայրում համապատասխան միջոցառումներ իրականացնելու ընթացքում իր կողմից օգտագործվող հեռախոսահամարի «Whatsapp» հավելվածին՝ ժամը 03:17-ին, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի հորից ստացվել է հաղորդագրություն` արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտող բովանդակությամբ:

Այդ դեպքի առթիվ ևս ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով, որը միացվել է սպանության դեպքով հարուցված վերոնշյալ քրեական գործին:

          Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական, դատաքիմիական փորձաքննություններ, առգրավվել են բժշկական կենտրոնի տեսանկարահանող սարքերը, կատարվել մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Վերջինիս հորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 



ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին