Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել վթա...

Հոկտեմբերի 17-ին, ժամը 03։07-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիմիտրով գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և շրջված հայտնվել դաշտամիջյան հատվածում․ առկա է գազի արտահոսք։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանումը, վարորդին և ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։