«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը շարունակում է պնդել, որ ինքը միջնորդավորված ձևով չի սպառնացել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին՝ կապված քրեական ենթամշակույթի վերաբերյալ նախագծի հետ, որի հիմնական զեկուցողը Բաղդասարյանն է:
Վարդան Ղուկասյանը կրկին պնդեց, որ չի ճանաչում Նազելի Բաղդասարյանին, երբ լրագրողները հիշեցրեցին, որ նա տարիներ առաջ հարցազրույց է տվել Բաղդասարյանին, պարոն Ղուկասյանն ասաց, որ չի կարող բոլորին ճանաչել:
«Ինքն ասո՞ւմ է, որ ես իրեն սպառնացել եմ, կամ մենք խոսել ենք: Էդ ստերը, որ տարածում եք, վերջում կզգաք, որ ես այդպիսի բան չեմ արել: Երեխեք, հիմա ձեր նպատակն ի՞նչ է, որ մեզ վարկաբեկեք, խայտառակե՞ք: Ես զարմանում եմ, թե դուք ինչո՞ւ եք հավաքվել, ոնց որ հայ-թուրքական հարցը լինի, ինչո՞ւ եք խառնվում որ: Ձեր տերերին մի բան եմ ասում՝ ինձնից հեռու մնացեք, ես շատ շնորհքով մարդ եմ, հայրենասեր ու հավատացյալ, երկիր սիրող»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանը:
Լրագրողի հարցը, թե իր տերը ՀՀԿ-ն է՞, թե՞ ԲՀԿ-ն, Վարդան Ղուկասյանին դուր չեկավ:
«Իմ տերն Աստված է, իսկ քո տերը հավանական է՝ շատերն են, տղա ջան, ես տեր չունեմ: Ես միակ մարդկանցից մեկն եմ, որ մինչև այսօր տերեր չեմ փնտրել, մի բան էլ ես եմ ուրիշներին տեր լինում, իսկ դու 10 հատ կունենաս»,- դիմելով լրագրողին՝ ասաց Վարդան Ղուկասյանը:



